Բաժիններ՝

Թոշակառուները ե՞րբ կստանան 10 տոկոս զեղչ

Կառավարության որոշմամբ` հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճար նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից:

«Հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը՝ անկախ նրանից, թե ինչ վճարի սահմանում են կատարվել գործարքները: Ծրագիրը դեռ պիլոտային է, և կգործի մինչև տարեվերջ։

Թոշակառուները, ովքեր արդեն առևտուր են արել, հետաքրքրվում են, թե ինչո՞ւ արված զեղչն իրենք չեն տեսնում:

Հարցի հետ կապված՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց.

«Հուլիսի 1-ից ծրագիրն ակտիվ է, կատարված գործարքներից գոյանում է հանրագումարը, որից 10 տոկոսի չափով հետվճար ստանալու են: Իսկ հետվճարը ստանալու են հաջորդ ամիս։ Այսինքն՝ պետք է ամփոփվի, թե ինչքան անկանխիկ գործարք են արել, նոր դրա հանրագումարից հաշվարկվի 10 տոկոսը: Այսինքն, օգոստոս ամսվա կենսաթոշակի հետ կստանան կենսաթոշակը կամ նպաստը՝ դրան գումարած հուլիս ամսին կատարած գործարքների հանրագումարի 10 տոկոսի չափով քեշբեք»:

Հավելենք, որ Կառավարության հունիսի 23-ի նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ վերջին շաբաթների ընթացքում ակտիվ աշխատանք է տարվել գործընկեր բանկերի հետ՝ համապատասխան կարգավորումը լիարժեք իրագործելու նպատակով: Այդ բանկերն են՝ «Արդշինբանկը», «ՎՏԲ-Հայաստան բանկը» և «Հայբիզնեսբանկը», որոնց նպաստառուները և կենսաթոշակառուները կարող են միանալ նաև հուլիսի 1-ից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս