Գազաբալոնների տեղադրման կամ վկայագրման գները բարձրացել են. հերթերը հասել են մինչև սեպտեմբեր
Հայաստանում օգոստոսի 1-ից չեն լիցքավորվի տրանսպորտային միջոցների այն գազաբալոնները, որոնք տեղադրված կամ վկայագրված չեն լինի լիցենզավորված կազմակերպության կողմից:
Երևանում և մարզերում այս պահին գործում է 15 լիցենզավորված կազմակերպություն:
Որոշ տեղերում գազաբալոնների տեղադրման և վկայագրման գինը 9000-13.000 դրամ է, որոշ տեղերում՝ ավելի բարձր:
«Այսօր եմ հերթագրվել Նորագավիթում, 2.2լ բալոնի համար 24․000 դրամ էր: Կարծես թե օր օրի բարձրացնում են գինը: Ավելին, հերթերը շատ են, մեկին մինչև օգոստոսի 27-ն են հերթագրել, մյուսին՝ մինչև սեպտեմբերի 7-ը: Կարծում եմ՝ պետք է երկարաձգեն ժամանակահատվածը, տեղերը քիչ են»,- մեզ հետ զրույցում նշեց վարորդներից մեկը:
«Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք շա՞տ են այն վարորդները, որոնք գազաբալոնները բերում են ստուգման, թե՞ դեռ ակտիվություն չի նկատվում, նա պատասխանեց՝ բերում են:
«Հիմա հերթի տակ են, չգիտենք, թե ոնց, երբ կվերջանա: Հասկացողը բերում է, չհասկացողն էլ չի հասկանում, ասում է՝ պրոբլեմ չունենք»,- մեզ հետ զրույցում ասաց Մկրտիչ Տիգրանյանը:
Մեր դիտարկմանը՝ վարորդները դժգոհում են բարձր գներից, հնարավո՞ր է նվազում լինի, Մկրտիչ Տիգրանյանը պատասխանեց.
«Գնի նվազում չի կարող լինել, ընդհակառակը՝ մտածում եմ գները բարձրացնել: Այդ ի՞նչն է նվազել որ: Ամեն ինչ թանկացել է: Հիմա իմ աշխատողներն այդ թանկ ապրանքը պետք է առնեն, որ հին գնով աշխատե՞ն: Իհարկե՝ ոչ»,- հավելեց նա:
Նշենք, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի գլխավորությամբ «Տեխնիկական փորձաքննություններ» ՍՊ ընկերության արտադրական տարածքում հունիսի 29-ին տեղի է ունեցել տրանսպորտային միջոցների գազաբալոնների տեղադրման ու վկայագրման նոր ստուգաթերթերի փորձարկումը։
ՔՏՀԱՏՄ-ն զգուշացնում է, որ ս․թ օգոստոսի 1-ից Տեսչական մարմինն իրականացնելու է վերահսկողական գործառույթներ և կիրառելու է վարչական պատասխանատվության միջոցներ՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150․15 հոդվածի։