Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Արարատ Միրզոյանն ընդունել է Սանջայ Վերմային
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 4-ին ընդունել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմային, որը Հայաստանում է գտնվում՝ մասնակցելու Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին:
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ գրեթե վեց տարվա դադարից հետո Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի կարևոր ցուցիչ է և լավ հնարավորություն՝ մտքեր փոխանակելու առկա իրավիճակի և արձանագրված ձեռքբերումների շուրջ, ինչպես նաև քննարկելու երկկողմ համագործակցության հեռանկարները:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ աշխարհի ամենամեծ ժողովրդավարության՝ Հնդկաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, ինչի մասին են վկայում վերջին շրջանում բարձր մակարդակով փոխայցելությունների ակտիվացումն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրագործումը:
Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել տարբեր ուղղություններով, ներառյալ՝ առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության, գյուղատնտնեսության և առողջապահության ոլորտներում փոխգործակցությունը խթանելու նպատակով գործադրվող ջանքերը: Կարևորվել է գործարար շրջանակների միջև կապերի շարունակական ամրապնդման և ներդրումների խթանման համար գրավիչ պայմանների ստեղծումը:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ծրագրերի իրականացման, մասնավորապես՝ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի, Չաբահար նավահանգստի, ինչպես նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում համագործակցության հեռանկարները:
Մտքեր են փոխանակվել միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության էլ ավելի ամրապնդման հնարավորությունների շուրջ։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի: Արարատ Միրզոյանը ներկայացրել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ:
ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծման հասնելու գործում և գոհունակություն հայտնել հնդկական կողմի դիրքորոշման կապակցությամբ՝ ի աջակցություն ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո խաղաղ կարգավորման գործընթացին:
Արարատ Միրզոյանը նաև վերահաստատել է Հայաստանի սատարումը Հնդկաստանին՝ Ջամմուի և Քաշմիրի հարցում:
Առանձնազրույցից հետո տեղի է ունեցել Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի Հանրապետության ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմայի համանախագահությամբ, որը մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի բացման խոսքով:
Հայկական կողմից նիստին մասնակցում էին նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը:
Նիստի ընթացքում կողմերը մանրամասնորեն քննարկել են էկոնոմիկայի, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության, մշակույթի, տրանսպորտի, ենթակառուցվածքների ու համայնքների զարգացման, արտակարգ իրավիճակների հաղթահարման ոլորտներում համագործակցության հետագա խորացման ուղիները և պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա աշխատանքների շուրջ:
Նիստի ավարտին Արարատ Միրզոյանը և Սանջայ Վերման ստորագրել են Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը: Բացի այդ, ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը: