«Արցախում այժմ մշակվում են զբոսաշրջային նոր երթուղիներ, որոնք նախկինում ավանդաբար զբոսաշրջային երթուղիներում չեն եղել». Սամվել Միրզախանյան

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախում զբոսաշրջության ոլորտն իր լավագույն ժամանակները չի ապրում, սակայն ոլորտի պատասխանատուները, անհատներն ամեն ինչ անում են, որպեսզի Արցախը նախկինի նման գրավիչ ու հետաքրքիր լինի զբոսաշրջիկների համար։

168.amի հետ զրույցում «Էկոտուրիզմ Արցախում» նախաձեռնող խմբի ղեկավար Սամվել Միրզախանյանն ասաց, որ պատերազմից հետո, մասնավորապես՝ վերջին ամիսներին, Արցախում զբոսաշրջության ոլորտում աշխուժություն է նկատվում։

«Ոլորտում հիմնական խնդիրը, որն առաջացել էր պատերազմից հետո, այն էր, որ գիշերակացի տեղերը կտրուկ կրճատվել էին, քանի որ տեղահանված բնակիչների մի մասը բնակեցվել էր հյուրանոցային և հյուրատնային ֆոնդերում։ Եթե նախկինում Արցախում մինչև 3000 զբոսաշրջիկի գիշերակացը կարող էինք միաժամանակ մեկ շաբաթով ապահովել, ապա պատերազմից հետո այդ թիվը կրճատվել էր՝ հասնելով 500-600-ի։ Աստիճանաբար տեղահանվածների բնակարանային խնդիրները լուծվում են, հյուրանոցային ու հյուրատնային ֆոնդն ազատվում է։ Սա արդեն բարենպաստ միջավայր է ստեղծում տուրիզմի զարգացման և աշխուժացման համար։

Մյուս կողմից էլ, քանի որ բազմաթիվ զբոսավայրեր Ադրբեջանի կողմից օկուպացվել են, մի շարք զբոսավայրեր, որոնք օկուպացիայից դուրս են, ավելի են աշխուժացել։ Ուրախալի է, որ այժմ մշակվում են զբոսաշրջային նոր երթուղիներ, որոնք նախկինում ավանդաբար զբոսաշրջային երթուղիներում չեն եղել»,- ասաց Սամվել Միրզախանյանը։

Նրա խոսքով՝ Արցախում զբոսաշրջության աշխուժացմանը հիմնականում խանգարում է շրջանառվող այն միֆը, թե Արցախ գնալը վտանգավոր է, թեպետ մարդիկ հաճախ են այցելում Արցախ, և այդ ֆոնին տվյալ միֆը սկսում է քիչ-քիչ կոտրվել։

«Այս ամենը հիմնականում պայմանավորված է նրանով, որ եթե որևէ միջադեպ է տեղի ունենում, սկսում են դրան շատ անդրադառնալ, մինչդեռ միջադեպն Արցախ մտնող ճանապարհներից շատ հեռու կարող է տեղի ունեցած լինել, քանի որ այդ ճանապարհներին կանգնած են ռուս խաղաղապահները։ Նկատի ունեմ, որ Արցախ մտնող ճանապարհն անվտանգ է։

Պատկերացրեք, ամեն օրը ամենաքիչը 500-ից ավելի մարդ է մտնում Արցախ և դուրս գալիս, որևէ դեպք չի պատահել, ճանապարհն ամբողջ երկայնքով ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է գտնվում։ Միայն Արցախ մտնողները պետք է իրենց մոտ ունենան բնօրինակ անձնագիր, եթե ՀՀ քաղաքացիներ են։ ՌԴ քաղաքացիները ևս կարող են անարգել մուտք գործել Արցախ, իսկ արտերկրի քաղաքացիները պետք է նախապես դիմեն ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն՝ ներկայացնելով, թե որ օրն են մտնելու Արցախ, ինչ նպատակով են գնում, դրանից հետո ստանում են համապատասխան թույլտվություն և անարգել մտնում են Արցախ»,- հավելեց Սամվել Միրզախանյանը։

Խոսելով Հաթերքում «Ժինգյալով հացի» փառատոնը վերսկսելու հնարավորությունների մասին, Սամվել Միրզախանյանը փոխանցեց, որ եթե վերսկսեն փառատոնի անցկացումը, ապա վայրն անփոփոխ է մնալու՝ Հաթերք գյուղը։ Փառատոնն անցկացնելու ցանկությունը մեծ է, դրան մասնավորապես՝ սպասում են հաթերքցիները, նաև շրջակա գյուղի բնակիչները։

«Փառատոնը շատ մեծ պահանջարկ ունի, առաջին տարին մենք ունեցել ենք 3000 այցելու, երկրորդ տարին այցելուների թիվը 10.000-ն անցել է։ Պատերազմից հետո մենք փառատոնը չենք անցկացրել, քանի որ, ինչպես նշեցի՝ գիշերակացի խնդիր ունենք։ Իսկ մյուս խնդիրն այն է, որ պատերազմից առաջ հնարավոր էր Քարվաճառով Երևանից 4 ժամում հասնել Հաթերք, մասնակցել փառատոնին և նույն օրը վերադառնալ, իսկ այսօր ճանապարհը 7 ժամ է պահանջում, և անհնար է նույն օրը հետ վերադառնալ։

Սպասում ենք նպաստավոր ժամանակների՝ փառատոնի անցկացումը կազմակերպելու համար, եթե աշնանը հասկանանք, որ կարողանալու ենք սպասարկել բնակչությանը, անշուշտ, կանցկացնենք փառատոնը, իսկ եթե չստացվի, ապա հաջորդ տարի անպայման կանցկացնենք։ Այս փառատոնը Հաթերքում մեծ սոցիալական փոփոխություններ է մտցրել՝ հյուրատներ են կառուցվում, գյուղն արդեն ունի մշտական ջուր, ճանապարհները վերանորոգվել են, մարդիկ իրենց տներն են վերանորոգում։ Այսինքն՝ այս փառատոնը նպաստում է, որպեսզի համայնքն ավելի աշխուժանա ու զարգանա»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Սամվել Միրզախանյանը փոխանցեց, որ պատերազմից հետո Արցախում տեղադրվել է Արցախի ամենաբարձր դրոշը՝ 15 մետրանոց։ Հաթերքը միակ տարածաշրջանն է, որտեղ տեղադրված է միայն Արցախի դրոշը։

Նա նաև ասաց, որ այսօր հաթերքցիները կարող են ընդունել զբոսաշրջիկների իրենց սեփական հարկի տակ՝ գիշերակացով, և ծանոթացնել Արցախի, ինչպես նաև Հաթերքի նիստ ու կացին, և ճանապարհել։

Տեսանյութեր

Լրահոս