Աննա Վարդապետյանի «հաջողության» պատմությունը
Հունիսի 29-ին Խորհրդարանը Նիկոլ Փաշինյանի՝ իրավական հարցերով օգնական, արդարադատության նախկին փոխնախարար Աննա Վարդապետյանին ընտրեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում:
Իր գործառույթների անմիջական կատարմանը նա կանցնի սեպտեմբերի վերջին՝ գործող դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ավարտից հետո: Վարդապետյանը կլինի ՀՀ առաջին կին դատախազը:
Ըստ ամենայնի, հենց այս գործոնն էին կարևորում առանց ընդդիմադիր պատգամավորների ներկայության նրան ընտրած թվով 70 ՔՊ-ական պատգամավորները՝ հաջորդ դատախազի սեռային պատկանելությունը ներկայացնելով՝ որպես դարակազմիկ իրադարձություն:
36-ամյա Աննա Վարդապետյանը մինչ այժմ դատախազությունում աշխատանքի փորձ չունի:
«Ինձ մեղադրում են, որ ես չեմ աշխատել դատախազության համակարգում, բայց ես կարծում եմ, որ սա հնարավորություն է ինձ՝ այլ տեսանկյունից հարցին նայելու։ Յուրաքանչյուր գործ, որի վերաբերյալ մասնագիտական քննարկում է տեղի ունենում, ես նայում եմ մարդու տեսանկյունից, ու ինձ համար իմ ամբողջ աշխատանքի ընթացքում կարևոր է լինելու, թե մենք արդյոք պաշտպանո՞ւմ ենք մարդու իրավունքները»,- ԱԺ-ում իր ելույթում նշել էր Աննա Վարդապետյանը։
Իրականում նորընտիր դատախազը բավականին լուրջ աշխատանքային փորձ ունի: Իր 19 տարվա աշխատանքային կենսագրության ընթացքում նա աշխատել է Վճռաբեկ դատարանում՝ իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետից հասնելով Վճռաբեկ դատարանի խորհրդականի պաշտոնին:
Մինչ իշխանափոխությունը՝ 2004-2018թթ., եղել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալը, ապա 2018-2019թթ.՝ արդարադատության նախարարի խորհրդական, 2019-2021թթ.՝ նախարարի տեղակալ, իսկ 2020թ. մարտի 2-ից զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանի՝ իրավական հարցերով օգնականի պաշտոնը: Հայտնի չէ՝ ինչ խորհուրդներ է տալիս Աննա Վարդապետյանն իր ղեկավարին, բայց քաջ հայտնի է, որ սովորություն ունի կուրացիա անել առանձնակի հետաքրքրություն ներկայացնող քրեական գործերի նախաքննությունը, թերևս, նաև դատաքննությունը, սիրում է իր ձեռքով ուղղումներ կատարել քրեական գործերի մեջ, մեղադրանք գրել և այլն: Դա անվանում է ընկերական խորհուրդ:
Ի դեպ, դասախոսում է նաև ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում. Քրեական իրավունքի ամբիոնի դասախոս է, դոցենտ:
Աննա Վարդապետյանի կենսագրության մեջ, սակայն, կա մի բավականին ուշագրավ դրվագ. 09.2003-05.2005 թթ․ եղել է Ավան համայնքի ղեկավարի խորհրդականը. Շուրջ երկու տարի խորհուրդներ է տվել համայնքի ղեկավար Հարություն Մարգարյանին: Թե 17-ամյա, 1-ին կամ 2-րդ կուրսի ուսանողուհին ի՞նչ խորհուրդներ է տվել համայնքի ղեկավարին, բարդ է պատկերացնել:
Համաձայնեք՝ ամեն ուսանողի նման հնարավորություն չի տրվում: