«Վերջը մոտ է. Փաշինյանի իշխանությունը չի հասկանում՝ ինչ գործընթացներ են գնում». Գագիկ Մինասյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 66 պատգամավորի կողմ քվեարկությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հեռացվեց Ազգային ժողովի փոխնախագահի, իսկ նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Նախագծի հեղինակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդդիմադիր պատգամավորներին պաշտոններից զրկելը պայմանավորեց նրանց բացակայություններով, պատգամավորներին մեղադրեց փողոցային պայքարի ժամանակ բախումներ հրահրելու, ատելության խոսք օգտագործելու մեջ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանն իշխանության այս գործելաոճը պայմանավորեց այլ հանգամանքով։
«Այս իշխանքությունը կորցրել է կապն իրականության հետ. դա իշխանության հիվանդություններից մեկն է. գիտեք՝ երբ իշխանությունը կորցնում է կապն իրականության հետ, դա նշանակում է, որ իշխանության վերջը մոտ է։ Փաշինյանի իշխանությունը չի հասկանում՝ ինչ գործընթացներ են գնում։ Այն, ինչ խորհրդարանում այսօր արեց այս իշխանությունը, որևէ բան իրական բովանդակության մեջ չի փոխելու. դա ընդամենը ձևի համար արված քայլ էր։
Ընդդիմության պատգամավորներին այդ պաշտոններից զրկելով՝ դա անող իշխանությունը ցույց է տալիս, որ իր համար բովանդակության և ձևի մեջ կարևորը ձևն է, իսկ դա խոսում է միայն մեկ բանի մասին. սա նեխած իշխանություն է, որը չի հասկանում, թե ի՞նչ գործընթացներ են գնում»,- ասաց Գագիկ Մինասյանը՝ ընդդիմության կողմից ԱԺ բոլոր հանձնաժողովների նախագահների և փոխնախագահների պաշտոններից ինքնակամ հրաժարումը համարելով իշխանության գործողությանն արժանի պատասխան:
«Դա ճիշտ պատասխան էր՝ հիմար քայլին»,- ասաց Գագիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունը ոչ միայն գնում է հիմար քայլերի, այլ նաև ցուցաբերում զրոյական հարգանք պետության բոլոր ինստիտուտների, պետության ինքնիշխանության նկատմամբ, և ասվածի ապացույցը Լաչինի միջանցքի հանձնման շուրջ ծավալվող գործընթացներն են։
«Ընդդիմության համար գերկարևոր է հայրենիքը, իշխանության համար դա երկրորդական է. դրա համար է, որ իշխանությունն ու ընդդիմությունն իրար ոչ մի կերպ չեն հասկանում. դա է բախման պատճառը»,- ասաց Մինասյանը՝ հավելելով՝ պետությանը, ժողովրդին ու մեր ապագային դավաճանած իշխանության պարագայում շատ կարևոր են անհատները. Այնպիսին, ինչպիսին Աղավնոյի գյուղապետն է՝ նման վճռական մենակի։
«Հենց վճռական մենակներն են, որոնք պետք է համախմբվեն ու իրավիճակ փոխեն։ Նման համախմբումներն են, որոնք թույլ են տալիս պետություններին դուրս գալ նման ճգնաժամային իրավիճակից»,- ասաց Մինասյանը՝ ընդգծելով՝ համախմբման համար ընդդիմությունն ունի գերխնդիր. պետք է հասարակության բոլոր շերտերի հետ խոսի այնպես, որ լինի ընկալելի՝ անհրաժեշտության դեպքում իրականացնելով նաև երկարատև աշխատանք՝ համապատասխան գործիքակազմով։
«Մեզ թվում էր՝ կհաջողվի արագ մոբիլիզացնել ժողովրդին՝ սպրինտային մարտավարության միջոցով, սակայն պարզվեց՝ այդպես հնարավոր չէ, ուստի ընդդիմությունը հիմա պետք է անցնի պայքարի մարաթոնային՝ ավելի երկար ժամանակ պահանջող տարբերակին՝ հասարակության յուրաքանչյուր շերտի համար սկսելով բացատրել, թե ինչի առաջ է կանգնած երկիրը»,- ասաց Մինասյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում