Աշխարհի 110 երկրում կորոնավիրուսի դեպքերի աճ է արձանագրվել. ի՞նչ վիճակ է Հայաստանում ու ի՞նչ սպասել

COVID-19-ի «Օմիկրոն» տարբերակի BA.4 and BA.5 ենթատեսակներով պայմանավորված՝ նոր դեպքերի աճ է արձանագրել աշխարհի 110 երկրում` ԱՀԿ 6 տարածաշրջաններից 3-ում:

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է 4.1 միլիոն նոր դեպք` 20% աճ:

«Համավարակը փոփոխվում է, բայց չի ավարտվել, մենք ունենք առաջընթաց, բայց սա դեռ ավարտը չէ»,- ասել է Թեդրոս Գեբրեյեսուսը` ավելացնելով, որ COVID-19-ի գենետիկ էվոլյուցիային հետևելը «վտանգված է», քանի որ երկրները թուլացրել են հսկողությունը և սեկվենավորման գործընթացը, ինչը դժվարացնում է նոր տարբերակների հայտնաբերումը:

ՀՀ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ հունիսի 20-26-ի դրությամբ մեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք, կատարվել է  4780 թեստավորում, կա  62 առողջացած, 1 մահվան դեպք:

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ աշնանը կրկին շատանան կորոնավիրուսով վարակվածության դեպքերը։

«Միշտ ասել ենք, որ նման ուժգնություն ունեցող 5-րդ ալիքը հավանաբար վերջինն է: Կորոնավիրուսը կա ու մնալու է, և սա, ամենայն հավանականությամբ, արդեն դարձել է մեր մեջ շրջանառվող հիվանդություններից մեկը: Եթե վիրուսն էլի մուտացիայի չենթարկվի, հավանաբար՝ դեպքերը չեն շատանա»,- պատասխանեց նա:

Հանրային առողջության մասնագետը շեշտեց՝ անվերջ համաճարակներ ու համավարակներ չեն լինում, ունեն ինչ-որ ցիկլ, որը տևում է մեկ, երկու, երեք տարի, ու կորոնավիրուսի համաճարակային ցիկլը, կարծես, մոտենում է ավարտին:

«Հուսով ենք՝ վիրուսը վտանգավոր մուտացիայի չի ենթարկվի ու քովիդի համավարակը կհամարենք ավարտված»,- եզրափակեց Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Տեսանյութեր

Լրահոս