«Այս իրավիճակում Դիմադրությունը չունի այլընտրանք.․․»․ Թադևոս Ավետիսյանը հրաժարական է տվել

Թադևոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանն աներևակայելի արագ քայլերով հեռանում է ժողովրդավարական արժեքներից։ Փնթի բռնապետությունն այլևս իրողություն է։ Երկրի կառավարումը իրականացվում է բացառապես մեկ անձի քմահաճույքներով։

Պետական ինստիտուտները ծառայեցվում են անձիշխանությանը։ Վախի և անկարողության մթնոլորտի տարածումը դարձել են պետական քաղաքականություն։ Հանրության պայքարի իմունիտետը ոչնչացվում է’ կեղծ օրակարգերի, անսահման պոպուլիզմի և ստի քողով։

Այս իրավիճակում Դիմադրությունը չունի այլընտրանք. համախմբումը և հանուն հայրենիքի պայքարը միակ ճանապարհն է հայրենազրկումը կասեցնելու համար և դեպի ՀԱՅ ժողովրդի պատմական նոր արշալույս հասնելու։

Սա է իրական և միակ օրակարգը։

Հայը ունենալու է ինքնիշխան ապրելու իրավունք, արարելու և կայուն զարգանալու հնարավորություն։

Փորձում է ամեն գնով թուլացնել ազգադավ այս ընթացքին հակադրվող դիմադրողականությունը։

Հիմա էլ, իրենց արշինով առաջնորդվելով, ընդդիմադիր քաղաքական ուժերին փորձում են լռեցնել՝ Ազգային ժողովում վարչական պաշտոններից զրկելով։

Չի լինելու։ Այսպիսով Դիմադրողականությունը ավելի մեծ թափ է ստանալու։

Պաշտոնը մեր համար նպատակ չէ։ Դա ընդամենը միջոցներից մեկն է հանուն հայրենիքի պայքարում։

Կարճ. պայքարելու ենք մինչև ՀԱՂԹԱՆԱԿ, որի համեմատ պաշտոնը, մանդատը ոչինչ են։

Իմ ազգին ծառայել եմ, այսուհետ’ ամեն օր ավելի մեծ նվիրումով, իմ ունեցած ողջ ներուժով, հնարավորություններով և ամենակարևորը՝ անկոտրում վճռականությամբ։
Իսկ հիմա, ի պատասխան օրվա իշխանության՝ մեզ լռեցնելու մեռելածին հերթական փորձի, հայտարարում եմ.

Ես այս պահից հրաժարական եմ տալիս Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։

Աստված մեզ օգնական

Հաղթանակը մոտ է

ՀԱՅԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ հարատև է»։

Տեսանյութեր

Լրահոս