«Շատ վատ ուղղության վրա ենք. Բերձորը կարևորագույն նշանակություն ունի». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանին չեն բավարարում առաջնագծի կահավորման տեմպերը:

«Իրականում, շատ ավելին կարող ենք անել: Այնպես չէ, որ մեր միջոցները անսահմանափակ են, դրա համար եմ ասում՝ կարող ենք անել, պարզապես կարող ենք այլ բնագավառներից ծախսերը կրճատել, օրինակ՝ պոպուլիստական բնագավառները: Մենք կարծես թե այլ քաղաքականություն ենք որդեգրել՝ ավելի շատ փորձում ենք ցույց տալ կատարված աշխատանքը, և, բնականաբար, քանի որ պաշտպանական ոլորտը ցույց տալու չի, երրորդական և չորրորդական ոլորտներում ենք ծախսեր իրականացնում»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Ազգային ժողովում հայտարարել է. «Բերձորից պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի հետ կապված շարունակելու ենք մեր բանակցությունները, մեր պայքարը: Մենք ընտրել ենք ըստ մեզ՝ լավագույն տարբերակը։ Կան գաղտնիքներ, որը ես չեմ ուզում բարձրաձայնել։ Ինչու ենք ընտրել այդ տարբերակը՝ հենց հիմք ընդունելով հետագա անվտանգային խնդիրը»:

Կարեն Հովհաննիսյանի համար համոզիչ չէ Արցախի նախագահի վերոնշյալ բացատրությունը. «Եթե մենք խոսում ենք անվտանգային գոտիների և, ընդհանրապես, Արցախի անվտանգության մասին, ապա դա ո՛չ ճանապարհն է այդ անվտանգության գոտին ապահովում, ո՛չ որևէ մեկը, այլ, ցավոք սրտի, այսօր այլ պետություն է Արցախի անվտանգությունն ապահովում, և այնպես չէ, որ ճանապարհների այս կամ այն կողմով գնալ-գալն ավելի ապահով կամ ավելի անվտանգ է դարձնում: Բայց այդ նոր կառուցվող ճանապարհից պետք չէ այդքան վախենալ, պետք է կարողանանք մի կողմ դնել էմոցիաներն ու սառնասիրտ հասկանալ՝ ինչ է տեղի ունենում:

Իրականում՝ մենք զիջում ենք հայկական բնակավայր՝ այդ ճանապարհի դիմաց, որը չպետք է լիներ: Մենք ունեինք երկու այլընտրանքային ճանապարհ՝ Բերձորինը և Քարվաճառինը, եթե ունենայինք այնպիսի դիվանագիտություն, որը կկարողանար այդ երկու ճանապարհներն էլ գործարկել, կարիք չէր լինի մեկ այլ ճանապարհի կառուցման: Այն էլ՝ ճանապարհը կառուցվում է Ադրբեջանի ֆինանսավորմամբ՝ թուրքական ընկերության ձեռամբ, և ակնհայտ է, որ լինելու են այնպիսի վտանգավոր մեխանիզմներ, լուծումներ, որոնք առաջին հայացքից չեն երևա, բայց պատերազմի ժամանակ ի հայտ են գալու, օրինակ՝ կամուրջների թռիչքների երկարությունը կամ լայնությունը, և ընդհանրապես, անանցանելիությունը՝ կամուրջի բացակայության դեպքում: Հարցերը բազմաթիվ են, դրա համար պետք չէ այդքան շտապ արդարացնել Բերձորի հանձնումը՝ անվտանգության պատրվակով, այն էլ՝ դա քողարկել գաղտնիության շղարշով»:

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ հնարավոր տարբերակների մեջ քննարկվում է, եթե ի վերջո հարցը հասնի դրան, Աղավնոյի բնակիչներին տեղավորել Հին Շեն և Մեծ Շեն համայնքներում, իսկ Բերձորի բնակիչների դեպքում գործելու են այն նույն ծրագրերը, որ գործում են մյուս տեղահանվածների մասով, հնարավոր է՝ նրանց բնակարաններ հատկացվեն Հայաստանում։

Կարեն Հովհաննիսյանը սխալ է համարում հարցը սոցիալական տիրույթ տեղափոխելը. «Մենք շատ վատ ուղղության վրա ենք՝ անընդհատ հարցը տանում ենք սոցիալական ոլորտ: Ի՞նչ է նշանակում՝ բնակարանների հարցը լուծել, արդյո՞ք դա Հայաստանի Հանրապետությունն է օտարում, չէ՞ որ դա հանձնվում է թշնամական երկրի, այստեղ ինչո՞ւ ենք խոսում սոցիալական ուղղվածությունից, պետք է խոսենք պետության շահերից ելնելով: Պետք է հասկանանք, թե վերջ ի վերջո, ինչ մարտահրավերներ են մեզ սպասվում: Թե չէ տպավորություն է ստեղծվում, որ՝ մենք ձեր տան հարցը կլուծենք, խելոք մնացեք: Դա հայրենիք է: Լավ, էմոցիաները մի կողմ դնենք՝ անվտանգային լրջագույն խնդիր է դա: Քարվաճառից հետո Բերձորը կարևորագույն նշանակություն ունի իր անվտանգային և ռազմավարական առումով Հայաստանի և Արցախի համար, դրա համար պետք չէ տանել սոցիալական ուղղվածության»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս