Շուրջ 1 տարի 3 ամիս անց իշխանությունը շռայլորեն վարձահատույց եղավ ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանին
Երբ 2021թ. ապրիլի 15-ին կասեցվեցին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ)՝ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ թե որպես ԲԴԽ նախագահ, թե որպես դատավոր, երեկոյան ուշ ժամի ԲԴԽ-ում հրավիրված հրատապ նիստի ժամանակ, 168.am-ը գրեց, որ Վարդազարյանի լիազորությունների կասեցման համար անհրաժեշտ 6 ձայնից 5-ը ապահովել են իշխող քաղաքական մեծամասնության կողմից ընտված իրավաբան-գիտնականները՝ Լիպարիտ Մելիքջանյանը, Վիգեն Քոչարյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանը, իսկ մյուս մեկ ձայնը տվել է դատավոր Սերգեյ Չիչոյանը: Սա այն ժամանակ՝ 2021 թվականին, շոկ էր առաջացրել դատական համակարգում:
Ռուբեն Վարդազարյանը քվեարկությանը չի մասնակցել: Այսինքն՝ վերջինիս լիազորությունները կասեցվել էին ԲԴԽ դատավոր-անդամի՝ Սերգեյ Չիչոյանի մեկ ձայնով: Մյուս դատավորները՝ Մեսրոպ Մակյանը, Անի Մխիթարյանն ու Ստեփան Միքայելյանը, դեմ էին եղել ԲԴԽ նախագահի լիազորությունների դադարեցման պատճառին:
Այդ ժամանակ մենք գրել էինք՝ որն է եղել Սերգեյ Չիչոյանի մոտիվացիան:
168.am–ին հայտնի էր դարձել, որ Սերգեյ Չիչոյանը հատուկ սեր ունի բարձր պաշտոնների նկատմամբ, և նրա այդ հավակնություններն իմանալով էլ հենց իշխանությունները կարողացել են ստանալ այդքան անհրաժեշտ այդ մեկ ձայնը:
Ըստ այդմ՝ Գագիկ Ջհանգիրյանի միջոցով Սերգեյ Չիչոյանին առաջարկվել էր դառնալ կամ նորաստեղծ Կոռուպցիոն վերաքննիչ դատարանի նախագահ, կամ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ:
Շուրջ 1 տարի 3 ամիս անց՝ երեկ, Սերգեյ Չիչոյանը դարձավ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավոր:
Փաստորեն Սերգեյ Չիչոյանի ծառայությունը բավականին բարձր գնահատվեց կառավարող ուժի կողմից, և իրականում Ռուբեն Վարդազարյանին պաշտոնից հեռացնելը բավականին բարձր գին ուներ: