Ի՞նչ պաշտոն են խոստացել դատավոր Սերգեյ Չիչոյանին իր ձայնի դիմաց

Երեկ կասեցվեցին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ թե որպես ԲԴԽ նախագահ, թե որպես դատավոր, երեկոյան ուշ ժամի ԲԴԽ-ում հրավիրված հրատապ նիստի ժամանակ:

Նրա լիազորությունների կասեցման համար անհրաժեշտ էր 6 ձայն: 5 ձայն ապահովել են իշխող քաղաքական մեծամասնության կողմից ընտված իրավաբան-գիտնականները՝ Լիպարիտ Մելիքջանյանը, Վիգեն Քոչարյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանը, իսկ մյուս մեկ ձայնը տվել է դատավոր Սերգեյ Չիչոյանը: Սա շոկ է առաջացրել դատական համակարգում:

Ռուբեն Վարդազարյանը քվեարկությանը չի մասնակցել: Այսինքն՝ վերջինիս լիազորությունները կասեցվել են ԲԴԽ դատավոր-անդամի՝ Սերգեյ Չիչոյանի մեկ ձայնով: Մյուս դատավորները՝ Մեսրոպ Մակյանը, Անի Մխիթարյանն ու Ստեփան Միքայելյանը, դեմ են եղել ԲԴԽ նախագահի լիազորությունների դադարեցման պատճառին:

Մինչ երեկվանից բոլորը փորձում են հասկանալ, թե ո՞րն էր Սերգեյ Չիչոյանի՝ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների կասեցմանը կողմ քվեարկելու դրդապատճառը, և ոմանք այդ տրամաբանությունը փորձում էին գտնել կառավարությունում իրավապահ համակարգի ու դատավորների հետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հանդիպման տրամաբանության շրջանակներում, 168.am-ին տեղեկություններ հասան Սերգեյ Չիչոյանի մոտիվացիայի մասին:

Պարզվում է, վերջինս հատուկ սեր ունի բարձր պաշտոնների նկատմամբ, և նրա այդ հավակնություններն իմանալով էլ հենց իշխանությունները կարողացել են ստանալ այդքան անհրաժեշտ այդ մեկ ձայնը:

Ըստ այդմ՝ Գագիկ Ջհանգիրյանի միջոցով Սերգեյ Չիչոյանին առաջարկվել է դառնալ կամ նորաստեղծ Կոռուպցիոն վերաքննիչ դատարանի նախագահ, կամ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ:

Այս պահին Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը Վազգեն Ռշտունին է, ում լիազորությունների ժամկետը, սակայն, ավարտվում է առաջիկա ամիսներին:

Թե, ի վերջո, որտե՞ղ կհանգրվանի Սերգեյ Չիչոյանը, ժամանակը ցույց կտա, բայց որ իր ձայնը վերջինս բավականին թանկ է վաճառել, այս պահին առավել քան ակնհայտ է:

Տեսանյութեր

Լրահոս