66 ՔՊ-ական պատգամավորի կողմ քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը զրկվեցին պաշտոններից
ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանին ու ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու վերաբերյալ փակ գաղտնի քվեարկությունն ավարտվեց:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց. «Իշխան Սաղաթելյանին հետ կանչելու քվեարկությանը՝ կողմ 66, դեմ 0, Վահե Հակոբյանին պաշտոնից ազատելու՝ կողմ 66, դեմ 0»:
Հիշեցնենք՝ քվեարկությանը մասնակցում էր միայն ՔՊ-ն:
168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր՝ ՔՊ-ն Ազգային Ժողովի արտահերթ նիստ էր հրավիրել՝ քննարկելու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու և նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի լիազորությունները Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում դադարեցնելու հարցը:
Նիստի մեկնարկին արդեն Ազգային ժողովի մոտ «Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա էր իրականացնում: Ոստիկանական մեծաթիվ ուժերը պատ էին կազմել Բաղրամյան պողոտայի երկայնքով։
Բողոքի ակցիայի մասնակիցները բարձրացրել էին պաստառներ՝ «Հայկական Բերձոր», «Ես իմ ձայնը տվել եմ ընդդիմությանը», «Ընդդիմությանը լիազորությունից զրկելն էլ է թուրքական նախապայման» գրառումներով, ինչպես նաև՝ Բերձորի լուսանկարները:
Ընդդիմադիրներն ակցիան ավարտեցին և հիշեցրին այսօր ժամը 19։30-ին հրավիրած հանրահավաքի մասին: