
Աշխարհում COVID-19-ով հիվանդացությունը կրկին աճում է մի քանի ամիս անկումից հետո

Կորոնավիրուսով հիվանդացության մակարդակն անցած շաբաթվա ընթացքում աշխարհում աճել է 18 տոկոսով: Այդ մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում:
Հունիսի 20-ից մինչեւ 26-ն ընկած ժամանակաշրջանում կորոնավիրուսով հիվանդացությունը Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում աճել է 47 տոկոսով, Եվրոպայում՝ 33 տոկոսով, Հարավարեւելյան Ասիայում՝ 32 տոկոսով եւ Ամերիկայում՝ 14 տոկոսով:
Միեւնույն ժամանակ Աֆրիկայում եւ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում հիվանդացության մակարդակը համապատասխանաբար նվազել է 39 տոկոսով եւ 3 տոկոսով:
Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում հայտնաբերվելէ COVID-19-ով հիվանդանալու ավելի քան 4,1 միլիոն դեպք: Կորոնավիրուսով ախտահարման հետեւանքով մահերի թվաքանակը Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում աճել է 22 տոկոսով, Հարավարեւելյան Ասիայում՝ 15 տոկոսով եւ Ամերիկայում՝ 11 տոկոսով:
Մահացության անկում են հայտնաբերել Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում՝ 6 տոկոսով, Եվրոպայում՝ 5 տոկոսով եւ Աֆրիկայում՝ 1 տոկոսով:
Ընդամենն ամբողջ աշխարհում շաբաթվա ընթացքում գրանցվել է COVID-19-ով վարակման հետեւանքով մահվան գրեթե 8,5 հազար դեպք:
Համավարակի ողջ ժամանակաշրջանում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով ախտահարման ավելի քան 541 մլն դեպք եւ հիվանդության հետեւանքներից ավելի քան 6,3 միլիոն մահ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: