Ջենիֆեր Լոպեսի, Էնրիկե Իգլեսիասի և Շակիրայի հետ պայմանագրային փուլին ենք մոտենում. Սոնա Հովհաննիսյան
«ՀԱՅԱ» փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանն ընդգծում է՝ համաշխարհային աստղերին Հայաստան հրավիրելով՝ նոր բրենդ են ստեղծում Հայաստանի համար:
«Մինչև այսօր մենք ճանաչելիության խնդիր ունենք, որ ասում ենք՝ Armenia, ճշտում են՝ “Albania, Romania?”: Հիմա փորձում ենք այդ խնդիրը լուծել: Մենք հայտարարել ենք Զազի, 50Cent-ի համերգի մասին, որը գալիս է G-Unit-ով և երբևէ ունեցած ամենամեծ շոուներից է լինելու: Մյուսը՝ Led Zeppelin Symphonic նախագիծն է, որը հիմնված է լեգենդար խմբի անդամների կողմից՝ իրենց հիթերը միշտ կենդանի պահելու համար: Դա գեղեցկագույն ռոք համերգ է լինելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ինչ վերաբերում է աշնանը սպասվող համերգներին, Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ դրական բանակցություններ են ընթանում և մոտենում են պայմանագրային փուլի՝ Ջենիֆեր Լոպեսի, Էնրիկե Իգլեսիասի հետ, հաջորդ աշնան համար՝ Շակիրայի հետ. «Դա այն փուլն է, որ մենք արդեն անցել ենք, և կոնկրետ առաջին արտիստի դեպքում Երևանը ներգրավված է տուրնեի մեջ, բայց ընդհանուր տուրնեն պետք է հաստատվի, հիմա դրան ենք սպասում: Մյուսների դեպքում բանակցում ենք, որպեսզի քաղաքը ներառվի տուրնեի մեջ։ Այսինքն՝ այդ անունները, որ հնչում են, պարզապես չեն հնչում, մենք մոտենում ենք պայմանագրային փուլին, բայց դեռ համերգ հայտարարելու պահը չի, որովհետև դեռևս պայմանագրերը ստորագրված չեն, ամեն պահի կարող է ինչ-որ բան փոխվել, օրինակ՝ գնան ֆիլմ նկարահանելու և ասեն՝ հաջորդ տարի ենք գնում: Բայց այն, որ նախնական օրեր են ընտրված, և մոտենում ենք ստորագրմանը, փաստ է»:
Ըստ նրա՝ մեր արժանապատվությանը սազական չէ, երբ մարդիկ մտածում են, թե ինչն այն չէ որևէ արտիստի հետ, որ որոշել է համերգ ունենալ Հայաստանում.
«Շատ հեռու չգնանք, երբ մեր հարևան Վրաստան որևէ արտիստ է գնում, մեր բնակիչները սիրով գնում են այնտեղ՝ այդ արտիստին լսելու, և հարց չի առաջանում՝ արդյո՞ք Վրաստանն այն երկիրն է, որ իրենք պետք է գնան: Իսկ ինչո՞ւ է մեզ մոտ օրակարգում այդ հարցը սուր դրված, որ գերաստղերից որևէ մեկը պետք է Հայաստան չգա: Ես ջանք ու եռանդ չեմ խնայում՝ այդ ստերեոտիպը կոտրելու: Մենք պետք է հասկանանք, որ մեր երկիրն այն երկիրն է, որ՝ այո՛, արտիստները պետք է գան այստեղ, և դա նորմալ է, ոչ թե զարմանանք կամ թերություն փնտրենք: Մենք ուզում ենք Երևանը լինի ավելի ընդունելի մեգաաստղերի համար և դառնա տարածաշրջանային կենտրոն: Վերջիվերջո, դա մենք արել ենք դասական երաժշտության ոլորտում և նույնն անում ենք փոփ երաժշտության մեջ»:
Նա նշեց, որ 50 Cent-ն այսօր մասնավոր ինքնաթիռով է ժամանում Երևան, հուլիսի 2-ին կմեկնի Երևանից, իսկ մամուլի ասուլիս չի նախատեսվում:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում