Ադրբեջանի հատուկ նշանակության խնդիրներ լուծող ստորաբաժանումները տեղակայված են Քարվաճառի, Քաշաթաղի, Հադրութի հատվածներում․ Տիգրան Աբրահամյան
«Արցախի մարտահրավերներ. Բերձորի հանձնում» խորագրով քննարկմանը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշել է, որ հետպատերազմյան ժամանակահատվածում Ադրբեջանը հայտարարել է, որ գնում է թուրքական մոդելի փոքր բանակ ունենալու ճանապարհով, այսինքն, բանակում բարեփոխումներն այս տրամաբանության մեջ են լինելու։ Եվ սրանից կարճ ժամանակ հետո սկսեցին Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմերի պատրաստության գործընթացը թուրքական զորավարժարաններում։
«Այս պահի դրությամբ ունենք ադրբեջանական 5 զորամաս, որոնց սպայական կազմը՝ առանձին, շարքային կազմը՝ առանձին, պատրաստություն են անցել Թուրքիայում։ Դրանք հատուկ նշանակության խնդիրներ լուծող ստորաբաժանումներ են՝ կոմանդոները, որոնք արդեն տեղակայված են Քարվաճառի, Քաշաթաղի, Հադրութի հատվածներում։
Այսինքն, Ադրբեջանը տեղակայումներ է ապահովել այսօր ոչ միայն մարտական դիրքերում, առաջնագծի մակարդակում, այլև սկսել է արդեն զորամասերի վերակազմավորումները, որոնք ընթանում են Թուրքիայի անմիջական հսկողությամբ և մասնակցությամբ։ Միաժամանակ, Ադրբեջանից առկա տեղեկությունները հուշում են, որ Ադրբեջանը ոչ միայն առաջին գիծն է կառուցել նոր հատվածներում, այլ լուծել է նաև իր համար մարտավարական և ռազմավարական բարձունքներում տեղակայվելու խնդիր և առաջնագիծն ամբողջությամբ բերել է համապատասխան վիճակի, ինչը ենթադրում է անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ծառայության բնականոն ընթացքի ապահովում, նաև տեղեկություններ կան տարբեր հատվածներում ծանր տեխնիկայի տեղակայումների մասին։ Իհարկե, ծանր տեխնիկայի տեղակայումը չեմ ներկայացնում նրա համար, որ ցույց տամ, թե առաջիկա ժամանակահատվածում գործողություններ են տեղի ունենալու։
Սակայն ուզում եմ նշել, որ Ադրբեջանում սահմանագծի ենթակառուցվածքի հարցը մի քանի էտապ արդեն անցել է»,- ասել է Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը սկսել է նաև սպառազինության համալրումները, որոնք կորցրել է 44-օրյա պատերազմի ժամանակ։
Ըստ պատգամավորի, Ադրբեջանի առկա պայմանավորվածությունները մեծ թվով երկրների հետ ցույց են տալիս, որ 2023-ից սկսած ականատեսը կլինենք տարբեր բնույթի ժամանակակից տեխնիկայի, սպառազինության մատակարարումների։
«Ադրբեջանի ռազմական ոլորտում կատարվող փոփոխություններից կարելի է եզրակացնել, որ առաջին՝ հիմնական ուղղությունը ԱԹՍ-ներն են՝ հետախուզական, հարվածային, երկրորդ՝ Ադրբեջանը հեռահար բնույթի տարբեր զինատեսակների ձեռքբերումների պայմանավորվածությունների մեջ է, երրորդ՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների թվի կտրուկ մեծացումն է»,- ասել է պատգամավորը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում