«Իրավիճակի փոփոխության առումով Երևանում ապրող պաշտոնյաները չեն պատասխան տալու, մենք ենք քաղելու ամենածանր պտուղները». Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Արցախի խորհրդարանում պատասխանելով «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի՝ Բերձորի այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ հարցին, ասաց, որ դեռևս ընթանում են շինարարական աշխատանքներ, երբ այն ավարտվի, ապա իշխանությունն իր կարծիքը կասի։

Շատ չմանրամասնելով, Արայիկ Հարությունյանն ասաց, որ եթե մայրուղին պիտի փոխվի, ապա կառուցվող մայրուղին այն կոորդինատներով է գնում, որը հաստատել են Արցախի անվտանգության խորհրդում։

«Ժամանակը կգա, մենք կքննարկենք, բայց ոչ այս դահլիճում, թե որ ճանապարհն է մեզ համար լինելու անվտանգ։ Ի՞նչ է պետք մեր հայրենակիցներին՝ ավելի անվտանգ ճանապարհ՝ Հայաստանի հետ կապող։ Իմ կարծիքով՝ նոր ճանապարհը շատ ավելի անվտանգ է լինելու։ Ուզո՞ւմ եք ամեն ինչ ներկայացնենք, թե որտեղ ինչ ենք կառուցելու։ Ցավոք, այսօր այնպիսի դավաճանական ցանց ունենք մեր երկրում, որ ընդհուպ իմ կաբինետից դուրս գալը և ԱԺ շենք մտնելն ադրբեջանցիները նույն վայրկյանին իմանում են, և՝ շատերինդ։ Կան շատ անվտանգային խնդիրներ, որոնք այս դահլիճում ու այս ձևաչափով չեն քննարկում։

Այս տարի մայիսի 18-ը եղել է իմ կյանքի հերթական ծանր օրերից մեկը, որովհետև Լաչին ազատագրող և Լաչինի միջանցքով առաջին խումբը, որ անցել է 1992 թվականի մայիսի 18-ին, ես էլ եմ եղել։ Այսօր մեր երկրի ճակատագիրը շատ ավելի կարևոր է, քան էմոցիաները։

Իրավիճակի փոփոխության առումով Երևանում ապրող քաղաքական գործիչները կամ պաշտոնյաները չեն պատասխան տալու, առաջին հերթին մենք ենք քաղելու ամենածանր պտուղները, որը հավանական եմ համարում»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Արձագանքելով՝ Դավիթ Գալստյանն ասաց, որ եթե դավաճանական ցանց է գործում, ապա դա իշխանության մեղքն է, այլ ոչ թե ժողովրդի։

Տեսանյութեր

Լրահոս