Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ հունիսի 30-ին, հրատապ դատական նիստ է նշանակվել՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը քննարկելու համար։
Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ իր կարծիքով՝ դատավարության ներկա փուլում առկա են բոլոր նախադրյալները՝ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու համար:
Պաշտպանը տեղեկացրեց, որ որպես գրավ առաջարկվում է նվազագույնը 80 մլն դրամ՝ նախորդ 50 մլն դրամ գրավի փոխարեն:
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց որոշումը.
«Դատարանը որոշեց Աղվան Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը՝ ամբաստանյալ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, որպես խափանման միջոց 80 մլն դրամ գրավ կիրառելու մասին՝ մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ»: