«Ղարաբաղ տելեկոմի» սակագները պետք է լինի ամենաէժանը. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Արցախի ԱԺ-ում նշեց, որ ընդհանուր առմամբ 2021 թվականին և այս ժամանակահատվածում նորակառույց բնակարաններ են տրամադրվել 377 ընտանիքի, երկրորդային շուկայից գնված բնակարանների քանակն էլ կազմել է 304, իսկ գյուղերում առկա ազատ բնակֆոնդից ավելի քան 600 ընտանիքի տրամադրվել է տուն։
«Հիմնականում Ստեփանակերտ, Ասկերան, Կաղարծի, Կարմիր Շուկա, Հովսեփավան բնակավայրերում, նաև տարբեր շրջաններում այսօր այդ աշխատանքները շարունակվում են։ Իհարկե, այս ընթացքում աշխատանքի որոշակի տեմպի անկում ունենք, բայց դա շուտով կվերականգնվի»,- նշեց Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով 2021 թվականի բյուջեի կատարողականը։
Ըստ նախագահի, Արցախի ազգային վիճակագրության ծառայությունը արձանագրել է, որ 2021 թվականին տնտեսության ակտիվության ցուցանիշը կազմել է 88,5 տոկոս, իսկ ՀՆԱ-ն՝ 249, 4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 270,9 մլրդ դրամի դիմաց։
«Մեր ծրագրերով, մենք այս տարի արդեն պետք է 400 միլիարդն անցնենք, բայց, իհարկե, պատերազմի հետևանքները պարզ են։ 2021 թվականին պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 224 մլրդ դրամ՝ ապահովելով նախատեսված ծրագրի 94 տոկոսը։
2022 թվականի կանխատեսումային ՀՆԱ-ի ծավալը կկազմի մոտ 263 ,7 մլրդ դրամ՝ 8 տոկոս աճ, իսկ պետական բյուջեի սեփական եկամուտները՝ 45 միլիարդ»,- հավելեց Արայիկ Հարությունյանը։
Նա նաև նշեց, որ բնակարաններ վարձելու կամ ժամանակավոր ապրելու նպատակով իրականացվել են 6,7 մլրդ դրամի աշխատանքներ։ Իսկ էներգետիկայի բնագավառում իրականացվել են էլեկտրասնուցման և գազամատակարարման վերականգնման աշխատանքներ։ Բնակչության կողմից 2021 թվականին օգտագործված էլեկտրաէներգիայի, գազի, բջջային ու ինտերնետ կապի ծառայությունների վճարի փոխհատուցման առումով բյուջեից տրամադրվել է 11 մլրդ։
«Կապի բնագավառում նոր սեփականատերը հայաստանյան կազմակերպություն է, նա ներդրում է արել, որի արդյունքում մենք ունենալու ենք ամենաէժան և ամենաորակյալ կապը։ «Ղարաբաղ տելեկոմի» սակագները պետք է լինի ամենաէժանը։ Իսկ լուրերը, թե օտարերկրացիներ են, կեղծ է, երբ «Ղարաբաղ Տելեկոմը» սեպտեմբերի 27-ին ունեցել է խնդիր, ժամերի ընթացքում մենք կարող էինք զրկվել կապից, այդ նույն ընկերությունն է վերականգնել»,- նշեց Արայիկ Հարությունյանը։