Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու համար առաջարկվում է նվազագույնը 80 մլն դրամ՝ նախորդ 50 մլն դրամ գրավի փոխարեն. պաշտպան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ հունիսի 30-ին, հրատապ դատական նիստ է նշանակվել՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը քննարկելու համար։
Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ իր կարծիքով՝ դատավարության ներկա փուլում առկա են բոլոր նախադրյալները՝ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու համար:
«Աղվան Հովսեփյանին չազատելն առկա հիվանդության պայմաններում, վերջինի մոտ առկա այլ բարդությունների շրջանակներում պարզապես կդիտվի որպես խոշտանգում և անմարդկային վերաբերմունքի դրսևորում: Բացի այդ, դատարանին խնդրում ենք՝ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոփոխելու հարցի շրջանակներում հաշվի առնել ներկայացված այլ նոր հանգամանքները»,- նշեց Էրիկ Ալեքսանյանը:
Պաշտպանը տեղեկացրեց, որ որպես գրավ՝ առաջարկվում է նվազագույնը 80 մլն դրամ՝ նախորդ 50 մլն դրամ գրավի փոխարեն:
«Պարոն Հովսեփյանը գտնվում է կալանքի տակ միայն նախկինում իր կողմից զբաղեցրած պաշտոնի և ունեցած հեղինակության համար: Իսկ սա կալանավորման հիմք չէ: Ինչպե՞ս կարող է անձն ի սկզբանե մնալ կալանքի տակ՝ օրենքով չնախատեսված հիմքերի շրջանակներում: Այն, ինչի համար քրեակատարողական հիմնարկում նստած է Աղվան Հովսեփյանը, որևէ հիմք չունի»,- նշեց Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի Աղվան Հովսեփյանի վիճակի վատթարացման դեպքում:
«Այս հանգամանքը վկայում է, որ ավելի մոտ է այն հավանականությունը, որ այդ երկարատև ժամանակը հօգուտ մեզ չի խոսի, այլ ի վնաս մեզ, և այդ դեպքում ո՞վ է առողջական վիճակի վատթարացման պատասխանատվությունը կրելու: Պարզ չէ՞, որ պետությունը, իսկ մեզ պե՞տք է այդ իրավիճակը: Ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ գնա մեռի, արի սիրեմ: Այդ վիճա՞կն է»,- ասաց պաշտպանը:
Նշենք՝ Աղվան Հովսեփյանի փաստաբանները հայտարարություն էին տարածել այն մասին, որ նա գտնվում է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկայում։ Բուժման շրջանում Աղվան Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում, որի կապակցությամբ նշանակվել է էնդոկրինոլոգի կրկնակի խորհրդատվություն։
Նշվածը հիմք ընդունելով, պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է հրավիրել արտահերթ դատական նիստ և կրկին քննարկել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։
«Քանզի ստեղծված իրավիճակի պայմաններում Հովսեփյանի կալանքի տակ գտնվելը ոչ միայն ապօրինի է, այլև իր մեջ պարունակում է խոշտանգման տարր»,- նշվում է փաստաբանները հայտարարության մեջ։