«Փաշինյանը հանում է ռուսական ռազմաբազան՝ փոխարենը թուրքականն ունենալու համար». Գառնիկ Դավթյան
«Ո՞ւմ է պետք այն սարը, որի վրա տարին 12 ամիս ձյուն է». այս նախադասությունը պատկանում է Նիկոլ Փաշինյանին, և հենց այս տրամաբանության համատեքստում պետք է դիտարկել Բերձորի և Աղավնոյի հանձնումն Ադրբեջանին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Փաշինյանի կողմից հերթական անգամ Ադրբեջանին արվող տարածքային զիջումների մասին, նման պնդում արեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը՝ շեշտելով.
«Բոլորս հիշում ենք, թե ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի իշխանությունը դաշտ նետեց Բերձորի հանձնման լուրը. այդ ժամանակ մարդիկ լքեցին Բերձորը, շատերը վառեցին իրենց տները։ Այս իշխանության համար կարևոր էր՝ Բերձորը հանձնելիս քիչ մարդ պետք է այնտեղ բնակվեր, ուստի, երբ բերձորցիներից շատերը հեռացան տարածքից, այս իշխանությունը խոսեց չհանձնելու մասին։ Հիմա տեսնում ենք, թե ինչպես են գնում Բերձորի հանձնման» ։
Նա նկատեց՝ այս իշխանությունը հիմա պետության տարածքների հանձնումները պայմանավորում է ռուսական գործոնով, իսկ նրանց, ովքեր չեն ցանկանում իրենց տները հանձնել՝ որակում է ընդդեմ ՌԴ-ի գործող՝ հատուկ նպատակով տարածելով հակառուսական տրամադրություններ։
Ըստ Դավթյանի՝ իրականում, սակայն, հանձնում են ոչ թե ռուսները, այլ ՀՀ իշխանությունը՝ հավատարիմ մնալով իրենց ներքին և բանավոր պայմանավորվածություններին։
«Հայկական հողերը հանձնում են՝ դրան զուգահեռ պատերազմ բերելով արդեն Հայաստան։ Մարդիկ միտումնավոր չեն անում որևէ բան, որ մեր սահմանները դառնան անվտանգ։ Ավելին՝ հասարակությանը տանում են, այսպես ասած, խաղաղության դարաշրջանի՝ ոչ բարեկամ պետության հետ։ Հետո, տանելուն հընթացս, հասկանում են, որ հայտնվել են թիրախում, չկա խաղաղության դարաշրջան, դրա համար փորձում են հասարակությանը ասել, թե Ադրբեջանը սպառնում է մեզ պատերազմով։ Իրականում Փաշինյանը փորձում է արտաքին ուժերին խոստացած զիջումները կատարել՝ հիմնվելով հայ հասարակության վախերի վրա։ Փաշինյանն աշխատում է սահմանամերձ ու գյուղական համայնքների բնակիչների վախերի վրա, որովհետև այդ հատվածներում մարդիկ ունեն տեղեկացվածության խնդիր. խաղում է դրա վրա ու երկրում գեներացնում հակառուսական տրամադրությունն ու պատրաստվում նոր զիջումների»,- ասաց Դավթյանը՝ հակառուսական տրամադրությունների համատեքստում դիտարկելով գերիների գերեվարման համար ռուս խաղաղապահներին մեղադրելն ու Փաշինյանի ասուլիսից անմիջապես հետո գերիների ծնողների բողոքի ակցիաները՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց։
«Մարդկանց էմոցիաներն են օգտագործում՝ քաղաքական գործընթացներում։ Փաշինյանի նպատակն է՝ հանել Գյումրու ռուսական ռազմաբազան, հետո տեղակայել այստեղ թուրքականը։ Կրկնում եմ՝ Հայաստանում չի լինելու ՆԱՏՕ-ի զորք. Փաշինյանը հանում է ռուսական ռազմաբազան՝ տեղը թուրքականն ունենալու համար»
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում