«Էդմոն Մարուքյանի և Փաշինյանի միջև շա՞տ տարբերություն եք տեսնում, մտածողության, անձնային որակների ու գործողությունների տարբերությունը շա՞տ է՝ տարբերություն չկա». Սոֆյա Հովսեփյան
Երեկ խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունով և վարչությունով կքննարկեն՝ հասկանալու համար՝ արժե՞ ընդդիմադիր պատգամավորներին զրկել մանդատից, թե՞ ոչ, քանի որ օրենքը դրա հնարավորությունը տալիս է։
168.am-ի հետ զրույցում, խոսելով ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու իշխանության նախաձեռնության մասին, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ սա իշխանության հերթական կեղծ օրակարգն է՝ հասարակությանը շեղելու Բերձորի և Աղավնոյի թեմայից։
«Նրանց, այսպես ասած, աղանդի վկաների՝ «ուռա վարչապետը», «ուռա Ալեն Սիմոնյանը» գոռգոռոցների համար է ամեն ինչ արվում։ Նման ընթացակարգ, որպես այդպիսին, նրանք իրավունք չունեն անելու, որովհետև որևէ կերպ պարտադրված չէ, որ պատգամավորը մշտապես ներկա լինի խորհրդարանում։ Հակառակը, հենց դրսի աշխատանքն է ավելի շատ պատգամավորի ուսերին դրված, քան գրասենյակային աշխատանքը։ Այնպես որ՝ իրենց մոտ ինչ արվելու է, կեղծ է արվելու՝ զուտ օրվա կարևոր թեման շեղելու համար»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախի Հանրապետությունում երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում՝ այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ, և հարցին՝ այդ տրամաբանությամբ, ինչո՞ւ ՀՀ իշխանությունը չի բարձրաձայնում նախկին ԼՂԻՄ տարածքի մեջ մտնող Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի հարցը, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց, որ այդ հարցն ընդդիմությունը պետք է ուղիղ տա Նիկոլ Փաշինյանին։
«Ինչո՞ւ այդ հարցը Նիկոլ Փաշինյանը չի դնում Ադրբեջանի առջև, որովհետև նրա համար Երևանի հանձնումն էլ այդքան դժվար բան չէ։ Նա շատ հեշտությամբ կտա նաև Երևանը, հոնքն անգամ չի էլ շարժի։ Ինչո՞ւ նա պետք է նման հարց դնի, եթե Ադրբեջանին նվիրել է Բերձորը, Հադրութը, Շուշին, նա նման հարցեր չի դնի, փոխարենը՝ պայմանավորված հստակ գործողություն է արել։ Փաշինյանն անգամ գերիների հարցը չի բարձրաձայնում և չի պահանջում նրանց, ավելին՝ ամբողջ մեղքը բարդեց ռուսների վրա՝ չհասկանալով, որ ռուսին ինքն է բերել-մտցրել Արցախ, և այսօր նմանատիպ խոսակցությունները վտանգում են արցախահայության կյանքն ու անվտանգությունը»,- շեշտեց Սոֆյա Հովսեփյանը։
Անդրադառնալով հատուկ դեսպան Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե Լաչինը ՌԴ-ի ձեռքում է, այդ ինչպե՞ս է ՀՀ իշխանությունը հանձնում, Սոֆյա Հովսեփյանը նկատեց.
«Էդմոն Մարուքյանի և Փաշինյանի միջև շա՞տ տարբերություն եք տեսնում, մտածողության, անձնային որակների ու գործողությունների տարբերությունը շա՞տ է, իհարկե, տարբերություն չկա։ Ուրեմն՝ չզարմանանք, որ երկուսն էլ նույնը բանն են ասում»։