
«Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթը ղեկավարող խորհուրդը հայաստանյան կողմի հետ քննարկել է մրցույթի նախնական կոնցեպտը

Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթը ղեկավարող խորհուրդը Երևանում է:
Հանրային հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հյուրերը հեռուստաընկերությունում հանդիպել են Հանրայինի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և «Մանկական եվրատեսիլի» կազմակերպչական թիմի հետ, քննարկել ստեղծագործական և տեխնիկական հարցեր:
Հովհաննես Մովսիսյանը նշել է, որ նման հանդիպումներն օգնում են թիմին առավել ճիշտ կազմակերպել մրցույթի նախապատրաստական աշխատանքները. «Դեկտեմբերին կայանալիք «Մանկական եվրատեսիլին» մենք սկսել ենք պատրաստվել Մալենայի հաղթանակի հենց հաջորդ օրվանից: Հիմա աշխատանքներն արդեն գործնական փուլ են մտել, մենք ունենք մրցույթի կոնցեպտի և շոուի նախնական տարբերակները: Նաև ողջունելի է, որ Հայաստանի կառավարությունում ձևավորվել է մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով: Վստահ ենք, որ ԵՀՄ-ի և Հայաստանի կառավարության հետ համագործակցելով՝ այս տարի կունենանք շատ տպավորիչ շոու»:
Երգի մրցույթը ղեկավարող խորհուրդը և Հանրային հեռուստաընկերությունը համաձայնեցրել են հոբելյանական 20-րդ «Մանկական եվրատեսիլի» նախնական կոնցեպտը և համերգային ծրագրի որոշ մանրամասներ:
Եվրոպական հեռարձակողների միության պատվիրակությունն այցելել է նաև Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, տեղում ծանոթացել կառույցի հնարավորություններին և սպասվող փոփոխություններին: