«Ովքե՞ր են բնակվում Բերձորում և Աղավնոյում, որոնց անխուսափելիորեն սպասվում է ՀԵՐԹԱԿԱՆ ԲՌՆԱԳԱՂԹԸ». Գևորգ Դանիելյան
Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ովքե՞ր են բնակվում Բերձորում և Աղավնոյում, որոնց անխուսափելիորեն սպասվում է ՀԵՐԹԱԿԱՆ ԲՌՆԱԳԱՂԹԸ: Հերթական, որովհետև Արցախի այդ բնակավայրերում հիմնականում բնակվում են Ադրբեջանից բռնագաղթված փախստականներ, որոնք ունեն նաև Ադրբեջանի քաղաքացիություն: Ընդ որում, 1989-92 թթ., լինելով ՀՀ դատախազության ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետ, ի պաշտոնե ինքս եմ որոշակի մասնակցություն ունեցել փախստականների բնակեցման գործընթացին:
Հիմա, ինչպե՞ս կարելի է շրջանցել միջազգային իրավունքի տարրական նորմերը և իրավական ուժ չունեցող ինչ-որ միակողմանի պարտավորություններ հիշեցնող «հայտարարություն» կոչվածից (ի դեպ՝ սա չի վերաբերում ՌԴ-ին և Ադրբեջանին, քանզի իրենց սահմանադրությունների հիմքով դա իրավական ուժ ունի) բխեցնել այդ մարդկանց հերթական անգամ փախստական դառնալու պահանջ: Տարրական հարց. ի՞նչ կապ ունի Հայաստանը՝ Արցախի օրենսդրությամբ իր վարչատարածքային միավոր կազմող բնակավայրերից մարդկանց բռնությամբ տեղահանելու և Արցախի այլ վայրերում վերաբնակեցնելու ապօրինի նախաձեռնության հետ:
Հ.Գ. 1989 թ. գլխավոր դատախազ երջանկահիշատակ Վլադիմիր Նազարյանի հետ հրավիրված էինք Թբիլիսի, որտեղ խորհրդային պաշտոնյաները փորձում էին պարտադրել, որ մենք իբր միջոցներ ձեռնարկենք և վտարենք փախստականներին Քյարքիից: Մեր պատասխանն էր՝ դա ադրբեջանցիների տարածքն է, բնակիչներն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են, ուստի մենք որևէ իրավասություն չունենք և չենք էլ պատրաստվում միջամտելով աջակցել, և խնդիրը փակվեց, իսկ ադրբեջանցի կոլեգաների վիճակն էլ չնկարագրեմ:
Հ.Գ. Եթե ղեկավարվում եք հայտարարություն կոչվածով, ապա ղեկավարվեք ճշգրիտ, իսկ դրանում հստակ ամրագրված է. «Ներքին տեղահանված անձինք և ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ» (7-րդ կետ): Հիշե՛ք, այդ գրասենյակը, իր ներկայիս լոյալությամբ անգամ, երբեք թույլ չի տա մասնակիցը լինել այդ բնույթի ապօրինի գործընթացների …»։