«Թուրք-ադրբեջանական տանդեմն ու կապիտուլյանտը վաղուց արդեն վճռել են Հայաստանի ճակատագիրը». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Հուսով ենք, որ Հայաստանից շատ ժամանակ չի պահանջվի՝ գիտակցելու «արդեն իրականություն դարձած» «Զանգեզուրի միջանցքի» գործունեության արդյունավետությունը…»:

Սա մեջբերում է Ադրբեջանի ԱԳՆ այսօրվա հայտարարությունից` ի պատասխան Նիկոլի երեկվա ասուլիսում արված որոշ հայտարարությունների:

Ի՞նչ է սա: Ի՞նչ է նշանակում «…արդեն իրականություն դարձած Զանգեզուրի միջանցք» հասկացությունը:

Եթե ի նկատի ունենանք, որ պաշտոնական Բաքուն արդեն սկսել է մերձկասպյան, միջինասիական տարածաշրջանների և Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա տանող երկրների հետ միջազգային բեռնափոխադրումների քննարկումը, ապա կարելի է եզրակացնել, որ Նիկոլը, հայ ժողովրդի թիկունքում հերթական դավադիր պայմանավորվածություններն է ձեռք բերել: Ընդ որում` ոչ միայն Ադրբեջանի հետ: Այլապես թուրքերը վստահ չէին լինի այդ հարցում, և չէին սկսի այլ երկրների հետ բանակցությունները:

Այդ դեպքում, ու՞մ են պետք երեկվա ասուլիսում Նիկոլի կոկորդիլոսի արցունքները: Ու՞մ են պետք պատերազմով սեփական ժողովրդին վախեցնելու հերթական շանտաժները:

Թուրք-ադրբեջանական տանդեմն ու մեր կապիտուլյանտը վաղուց արդեն վճռել են Հայաստանի ճակատագիրը: Իսկ Նիկոլին պահում են, որպեսզի իրականացնի Հայաստանի ազգային շահերի դեմ պլանավորված այդ ծրագիրը, ներսում ճնշի ընդդիմության դիմադրություններն ու ապահովի հայ ժողովրդին մանր-մունր հարցերով շեղելու գործը:

2018թ-ից խաբված հայ ժողովուրդն էլ սպասում է, թե կարող է մի «լավ բան» լինի: Ոչ մի լավ բան Նիկոլի վարչապետությամբ չի´ լինելու:

Ընդդիմությանը լսել և աջակցել է պետք: Սա է այսօր միակ ճշմարիտ ուղին: Մնացածը` ժամանակը ցույց կտա, որ պետությունը պահում են, որպեսզի պետությունն էլ քեզ պահի: Այլապես` դատապարտված ես կատարել օտարի կամքն ու պահանջները»:

Տեսանյութեր

Լրահոս