Այսօր կա 50-60.000 հոգի, որը կարող է կանգնեցնել այս ապաշնորհ Կառավարությանը. Սերոբ Գասպարյան

Բերձորն ու Աղավնոն կհանձնվեն Ադրբեջանին։ Այս տեղեկությունը երեկ հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ հաստատեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի կազմում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ»։ Ըստ Փաշինյանի՝ Բերձորի բնակիչների հարցերը կառավարությունը «լուծում» է․ բնակիչներին պետք է ապահովեն բնակարաններով, իսկ Աղավնո գյուղի բնակչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ-ի ղեկավար Սերոբ Գասպարյանն այս հաստատումը պայմանավորեց մեր հայրենիքը կտոր-կտոր թշնամուն հանձնելու փաշինյանական քաղաքականությամբ, որի դեպքում ևս մենք կանգնելու ենք պատերազմի առաջ, որովհետև հայկական տարածքների հանձնումն անգամ չի կասեցնելու սպասվող պատերազմը։

«Փաշինյանը, որն ասում էր, որ, եթե մենք մեղավոր ենք, ուրեմն մեղավորն այն ժողովուրդն է, որը մեզ ընտրել է, հիմա երկիրը տանում է պատերազմի։ Նա այս դեպքում ևս դարձյալ մեղադրելու է բոլորին, բայց ոչ իրեն ու իր թիմին։ Այո՛, պատերազմը չի ավարտվել, ավելին՝ պատերազմ է լինելու, ուստի Նիկոլ Փաշինյանին այսօր սատարողները թող իմանան՝ գալիք պատերազմին Փաշինյանին սատարողների որդիներն են զոհվելու՝ այն 680.000-ին նկատի ունեմ»,- ասաց Գասպարյանը։

Վերջինս հիշեցրեց՝ պատահական չէ, որ Ալիևը շարունակում է հոխորտալ․ այս անգամ հերթական անգամ սպառնացել է Քարվաճառում՝ խոսելով երկաթե բռունցքի մասին։

«Այսօր երկաթե բռունցքն Ալիևը Նիկոլի դեմքով թափահարում է հայ ժողովրդի վրա։ Ալիևին կոչ եմ անում՝ հայ ժողովուրդը, եթե նրան չդավաճանեն թիկունքից, կարող է ինքն իրեն պաշտպանել։ Ալիևը պետք է հիշի, որ հայ ժողովուրդը դավաճանության արդյունքում է պարտվել։ Դա փաստ է։ Պարտության մեղավորներն այն գեներալներն են, որոնք գործել են Փաշինյանի հետ միասին»,- ասաց Գասպարյանը՝ ընդգծելով՝ այն 50 հոգին, որոնց մատնացույց է անում Փաշինյանը՝ խոսելով դավաճանության մասին, իրական դավաճանները չեն:

«Իրականները շարունակում են ազատության մեջ ապրել՝ մեզ տանելով լուռումունջ մորթվելու»,- ասաց Գասպարյանը։

Նրա փոխանցմամբ՝ համընդհանուր դավաճանության համատեքստում պետք է դիտարկել այն, որ պատերազմից հետո Փաշինյանը հայտարարում է մեր պետության տարածքը թղթով թշնամուն հանձնելու մասին և արժանանում զինվորականների լռությանը։

«Այն զինվորականների, որոնք 90-ականներին ազատագրել են այդ տարածքները, հիմա լուռ են. նրանք նստել են փափուկ անկյուններում ու վայելում են իրենց պարգևավճարները։

Հակառակ դեպքում՝ հարց է առաջանում՝ իսկ որտե՞ղ են Մելքոնյան Գագոն, Պետրոսյան Ռազմիկը, Կոռնիձորի Արոն. Որտե՞ղ են այս մարդիկ։ Նիկոլ Փաշինյանն այսօր ասում է՝ եթե չգնանք խաղաղության, կկորցնենք մեր երկիրը, եթե գնանք, երաշխիք չունենք, որ չենք կորցնի։ Սա ասողի հետևից գնում են ազատամարտիկներ. սա է ցավալին։ Այսօր այդ մարդու հետևից գնում են մարդիկ, որոնք 30 տարի հպարտությամբ ասել են՝ ազատամարտիկ ենք՝ այն էլ հաղթանակած ժողովրդի, բայց չէ՞ որ ցանկության դեպքում այդ մարդիկ կունենան ներուժ։ Նրանք, զոհվածների հարազատները, ազատամարտիկները, նրանց հարազատները. ընդհանուր այսօր կան 50-60.000 հոգի, որոնք կարող են կանգնեցնել այս ապաշնորհ Կառավարությանը, այս 50-60.000-ից 10 հազարն էլ կարող է զենք վերցնել արտաքին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ներքին թշնամու դեմ»,- ասաց Գասպարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս