6 ամսում ակնկալվում է քաշի նվազեցում՝ 10-20 կգ․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ընդլայնել ծառայությունների ցանկը

Կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքում էնդոսկոպիկ եղանակով իրականացվում են մի շարք ոչ ինվազիվ միջամտություններ՝ ստամոքսաղիքային տրակտի օտար մարմինների հեռացում, ստամոքսաղիքային տրակտի նեղացումների բալոնային դիլատացիա, ստենտավորում, լեղուղիների մաքրում քարերից, լեղուղիների ստենտավորում և այլն։

Հաջողությամբ իրականացվում է նաև բարիաթրիկ նիհարեցում՝ ստամոքսի բալոնավորման եղանակով։ Վերջերս նման միջամտություն է արվել 34-ամյա մի կնոջ դեպքում, որն ուներ 2-3-րդ աստիճանի ճարպակալում (քաշը՝ 100 կգ): Այս մասին 168․am-ը տեղեկացավ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Հասարակայնության հետ կապերի և զարգացման բաժնից:

ՈՒԱԿ-ի բժիշկ-էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանի խոսքով՝ էնդոսկոպի կիրառությամբ ստամոքսի բալոնը տեղադրվում է առանց կտրվածքի, կերակրափողի միջով` 6 ամիս ժամկետով։ Բալոնն իր մեջ պարունակում է 500 մլ հեղուկ և, գրավելով ստամոքսի ծավալի մեծ մասը, խոչընդոտում է շատակերությանը։

Բացի ստամոքսի գործող ծավալի նվազեցումը՝ բալոնը նաև գրգռում է ստամոքսի պատերում գտնվող բարոընկալիչները, որոնք ստամոքսի լցվածության մասին ազդակներ են հղում ուղեղային հագեցման կենտրոններին, ինչը հանգեցնում է ախորժակի նվազմանը և արագ հագեցմանը՝ ամեն սնունդ ընդունելիս։  Այս ամենը նպաստում է ճիշտ սննդային վարքի ձևավորմանը․ մարդը սկսում է ուտել ավելի հաճախ և քիչ-քիչ։

Արդյունքում, ինչպես նշում է Վլադիմիր Նահապետյանը, 6 ամսում ակնկալվում է քաշի նվազեցում՝ 10-20 կգ։

Տեսանյութեր

Լրահոս