«Բնակիչները Բերձորում էլ, Աղավնոյում էլ ապրում են, ենթադրում եմ՝ դեռ երկար են շարունակելու ապրել». Բերձորի քաղաքապետ
«Անսպասելի չէր, որ Բերձորում այլընտրանքային ճանապարհը կառուցելուց հետո Բերձորի և Աղավնոյի հատվածը հնարավոր է՝ անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը։
Ըստ քաղաքապետի, այս պահին իրենց որևէ մեկը չի հրահանգել ու ժամկետներ չեն ներկայացրել, որպեսզի լքեն Բերձորը։
«Բնակիչներն այս պահին Բերձորում էլ, Աղավնոյում էլ իրենց բնականոն կյանքով ապրում են, ենթադրում եմ, որ դեռ երկար են շարունակելու ապրել։
Ինքս Բերձորում եմ ապրում, բնակչությունն էլ, ինչպես եղել է պատերազմից հետո, այդպես շարունակում է ապրել»,- նշեց Նարեկ Ալեքսանյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ մինչ Ադրբեջանի պահանջների կատարումը, հայկական կողմը պետք է առաջ քաշի նախ հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցը, որոնց Ադրբեջանը բռնի պահում է։
«Ստացվում է, որ մենք ամեն ինչ անում ենք, իսկ Ադրբեջանն իր պարտականությունները՝ ստանձնած փաստաթղթով, չի կատարում։ Կարծում եմ՝ այս պահին մենք կարող ենք հրաժարվել նրանց պահանջը կատարելուց՝ մատնանշելով նրանց պարտավորությունների չկատարումը»,- եզրափակեց Նարեկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ խոսելով Արցախի Հանրապետության Բերձորի շրջանի մասին, հայտարարել էր, որ երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում, այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Լաչինի բնակիչների խնդիրները մենք կառավարության որոշումներով լուծում ենք, բնակիչները, բնականաբար, պետք է ապահովվեն բնակարաններով։
Ըստ էության, Լաչինում այսօր, նաև Արցախի իշխանության հետ այդ հարցերը քննարկում ենք, ընտանիքներ չեն ապրում, Աղավնո գյուղի բնակչների խնդիրներն Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն, Սուսի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, այս պահին տեղեկություններ չունեմ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։