«Իրեն հող վաճառելու կամ հանձնելու մանդատ ո՞վ է տվել․ Նա կարող է այդ զիջողական դիրքն ընդունել իր սեփական տան մեջ». Աղավնոյի գյուղապետ

Նիկոլ Փաշինյանը երեկ խոսելով Արցախի Հանրապետության Բերձորի շրջանի մասին, հայտարարել է, որ երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում, այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։

 «Լաչինի բնակիչների խնդիրները մենք կառավարության որոշումներով լուծում ենք, բնակիչները, բնականաբար, պետք է ապահովվեն բնակարաններով։

Ըստ էության, Լաչինում այսօր, նաև Արցախի իշխանության հետ այդ հարցերը քննարկում ենք, ընտանիքներ չեն ապրում, Աղավնո գյուղի բնակչների խնդիրներն Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն, Սուսի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, այս պահին տեղեկություններ չունեմ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չաուշյանն ասաց, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ կհայտարարի Նիկոլ Փաշինյանը՝ իրենց դիրքորոշումը չի փոխվելու՝ շարունակելու են ամուր կանգնել իրենց սեփական հողի վրա։

«Չեմ ուզում կրկնվել և նույնն ասել, բայց իր սեփականությունը չէ, որ գնա, բանակցի Արցախի հողի մասով։ Դա Նիկոլի ու Ալիևի ցանկությունն է, և մենք չենք պատրաստվում իրականացնել նրանց այդ ցանկությունը։ Նիկոլի դիրքը միշտ զիջողական դիրք է, ինչին մենք դեմ ենք, մենք որևէ բան չենք պատրաստվում զիջել՝ այն էլ մեր հաշվին։ Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, ապա կարող է զիջել իր սեփականությունը։ Մենք նրան այդ իրավունքը չենք տվել, որ մեր հաշվին գնա զիջումների։

Ինքն ասում է՝ Սուս գյուղի վերաբերյալ բան չեմ կարող ասել, լավ գիտի, որ այնտեղ բնակիչ չկա։ Այսինքն՝ իրենք աշխատում են այդ բնակավայրերի վրա, որոնք բնակելի տարածքներ են, այդպիսով՝ թիրախավորում է հայորդիներին, ուզում է ստրկացնի հային»,- նշեց Անդրանիկ Չաուշյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մի մասն ուղղված էր ռուսական կողմին, մի մասն էլ՝ Արցախի իշխանություններին։

«Նիկոլն իր բանակցությունների սխալ արդյունքը՝  «ղալաթը», գցում է Արցախի իշխանությունների վրա։ Նիկոլն այսքան ժամանակ ո՞ւմ է բնակարաններով ապահովել, որ հիմա մեզ ապահովի, կամ՝ եթե ապահովում է, ո՞վ է նրան ասել, որ մենք թողնելու ենք մեր տունը։ Ի տարբերություն իրենց, մենք մեր հայրենիքի ու մեր տղաների հանդեպ պարտավորվածություն ունենք, խոստում ունենք, տղաները գնացին ու մեզ ասացին, որ այս հողը չթողնեք, հետևաբար՝ չենք թողնելու՝ սա է ամբողջ բերձորցիների դիրքորոշումը»,- շեշտեց Անդրանիկ Չաուշյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Արցախը հանձնելու մասին Նիկոլ Փաշինյանը նոր չի խոսում, իսկ հասարակության մի հատվածն էլ դեռ աղաղակում է՝ «Նիկոլ վարչապետ», թեպետ սա հասկանալի է, քանի որ, ըստ Աղավնոյի գյուղապետի՝ հայ հասարակության մի մասը քաղաքականապես դեռևս հասունացած չէ։

«Այս հողն ո՞ւմ է տալիս, դա իրե՞ն է պատկանում, այն համահայկական հող է։ Իրեն հող վաճառելու կամ հանձնելու մանդատ ո՞վ է տվել։ Նա կարող է այդ զիջողական դիրքն ընդունել իր սեփական տան մեջ, որտեղ կարող է անել, ինչ ցանկանում է։ Բայց մենք ո՛չ իրեն, ո՛չ էլ որևէ մեկին թույլ չենք տալիս մեր փոխարեն որոշում կայացնեն։

Եթե Արցախի իշխանությունը հարկ համարեր, որ այս ամենին պետք է արձագանքի, ապա արձագանքը կլիներ, չի արձագանքում, որովհետև սա Նիկոլի ցանկությունն է  միայն։ Վստահ եղեք՝ մենք մեր հողի վրա ենք ու շատ ամուր ենք կանգնած»,- եզրափակեց Անդրանիկ Չաուշյանը։

Տեսանյութեր

Լրահոս