Բայդենը չպետք է շրջանցեր 907-րդ լրացումը. Կոնգրեսականները մտահոգված են ԱՄՆ կողմից Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրմամբ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը դատապարտել են նախագահ Ջո Բայդենի կողմից «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը կրկին շրջանցելու փաստը, որով նորից հնարավոր է դարձել ԱՄՆ կողմից ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին: Մենենդեսը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Բայդենի որոշման առնչությամբ:

«Մինչ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել տարածքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացված հարձակումից հետո, որի ընթացքում 2020 թվականին ավելի քան 6500 մարդ զոհվեց, 100 հազարից ավելի էթնիկ հայեր տեղահանվեցին, անտրամաբանական է ասել, թե ԱՄՆ աջակցությունն ու վերապատրաստումները չեն ազդել Հայաստանի հետ ռազմական հավասարակշռության վրա: Ես շարունակելու եմ խստորեն վերահսկել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնություն և ակնկալում եմ, որ պետդեպարտամենտը կգործի լիակատար թափանցիկությամբ և Կոնգրեսին կտրամադրի բոլոր անհրաժեշտ մանրամասները Բաքվին տրամադրվող ցանկացած օգնություն գնահատելու համար»,- նշել է Մենենդեսը:

Ադամ Շիֆը, մեկնաբանություն տալով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին, խոստացել է աշխատանքներ տանել Կոնգրեսում՝ «վերացնելու նախագահի՝ 907-րդ լրացումը շրջանցելու լիազորությունը»:

«Ադրբեջանը պատասխանատու է սարսափելի պատերազմ սանձազերծելու ու Հայաստանում և Արցախում մարդասիրական աղետ առաջացնելու հարցում՝ 2020 թվականի սեպտեմբերից 44 օրվա ընթացքում սպանելով հազարավոր հայերի և ավելի մեծ թվով հայերի ստիպելով լքել իրենց պատմական հայրենիքը: Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար ձերբակալված պահել հայ զինվորների, ովքեր ենթարկվում են խոշտանգումների, ինչպես նաև՝ սպառնալ Լեռնային Ղարաբաղի հազարավոր անմեղ քաղաքացիներին, ովքեր ապրում են նոր հարձակման և ներխուժման ենթարկվելու վտանգի մեջ: Ոչ մի պարագայում ԱՄՆ-ն չպետք է ռազմական աջակցություն տրամադրի նման վարչակարգին, դա ոչ միայն դեմ է մեր ժողովրդի հիմնական ժողովրդավարական արժեքներին, այլև կարող է քաջալերել Ալիևի ռեժիմին՝ շարունակել սադրիչ գործողություններն ընդդեմ հայերի: Նախագահ Բայդենը չպետք է շրջանցեր 907-րդ լրացումը»,- նշել է Շիֆը:

Տեսանյութեր

Լրահոս