Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ֆիզիկական անձանց և ձեռնարկությունների դեմ
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ Ճապոնիան որոշում է ընդունել՝ ընդլայնել պատժամիջոցների ցուցակը ռուսաստանցի ներկայացուցիչների եւ ձեռնարկությունների նկատմամբ: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ հանդես գալով G7-ի գագաթնաժողովում, հաղորդում են ճապոնական ԶԼՄ-ները:
«Մենք գտնվում ենք պատմության քառուղիներում: Հարցն այն է, թե կարելի է արդյոք պահպանել կանոնների վրա հիմնված միջազգային կարգը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը եւ մյուս կառույցները չեն կարողացել համարժեք արձագանքել»,-ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ Կիսիդայի հայտարարությունը մեջբերում է NHK ճապոնական հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ: Դրանք, մասնավորապես, վերաբերում են ռուսաստանյան ոսկու ներմուծման արգելքին, ինչպես նաեւ մոտավորապես 70 ռուսաստանցի ֆիզիկական եւ իրավական անձանց ակտիվների սառեցմանը, ռուսաստանյան 90 ձեռնարկությունների եւ ընկերությունների հասցեով արտադրանքի արտահանման արգելքին, որոնք, ճապոնական կողմի կարծիքով, կապված են Ռուսաստանի ռազմական ճյուղի հետ:
«Մենք (…) կամրապնդենք միջազգային կարգը, որը հիմնված է օրենքի գերակայության վրա: Մենք պետք է ապահովենք, որպեսզի Ուկրաինայի իրադրությունից ստահոդ դասեր առնող երկրներ չլինեն»,-ընդգծել է Ճապոնիայի վարչապետը:
Նա ասել է, որ պատժամիջոցները չի կարելի մեղմացնել եւ հայտարարել է. «G7-ի միասնությունն անհրաժեշտ է ոչ միայն պատժամիջոցների պահպանումն ապահովելու, այլեւ գների աճից պաշտպանվելու համար»,-գրում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: