Բաժիններ՝

Այս տարի Երևանի միջոցներով նորերով կփոխարինվի 467 վերելակ

Մայրաքաղաքում այս տարի նախատեսված վերելակների փոխարինման ծրագրի ծավալը կավելանա ևս 10%-ով: Օրերս Երևանի ավագանու որոշմամբ շուրջ 410 մլն դրամ հատկացվեց այդ նպատակին: 2022-ին ընդհանուր առմամբ համայնքի միջոցներով նորերով կփոխարինվի 467 վերելակ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։

«Այս պահի դրությամբ փոխարինվում է 23 վերելակ, մոտ ժամանակներում եռակի քանակ ենք ունենալու: Օր օրի ավելանալու է աշխատանքների ծավալը, որպեսզի մինչև աշուն աշխատանքներն ավարտին հասցնենք»,- ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով վերելակը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է բնակարանների սեփականատերերին, այսինքն՝ բնակիչներին: Հաշվի առնելով խնդրի սոցիալական նշանակությունն ու քաղաքացիների անվտանգությունը՝ քաղաքային իշխանությունը նախաձեռնեց ծրագրի իրագործումը:

«Այս ծրագրով քաղաքապետարանը փորձում է աջակցել բնակիչներին: Յուրաքանչյուր վերելակի փոխարինման համար նախատեսված է ժամկետ՝ 40 աշխատանքային օր: Այդ ընթացքում հին վերելակը պետք է ապամոնտաժվի և նորը տեղադրվի, ինչպես նաև փորձաքննություն անցնի և բնակիչների սպասարկմանը հանձնվի»,- ընդգծում է Արսեն Կարոյանը:

Նշվում է, որ Երևանյան շենքերում գործընթացն իրականացնում է մրցույթում հաղթող ճանաչված «ՌաֆէլԳրիգ» ընկերությունը: Երևան տեղափոխված վերելակները նախ պահեստավորվում են, հետո՝ հասցե առ հասցե ուղարկվում տեղադրման:

Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ յուրաքանչյուր վերելակ շահագործումից պետք է դուրս գար 25 տարի անց: Հաշվի առնելով ծրագրի ծավալները՝ նախ ընտրվում են ամենամաշվածները:

Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ վերելակների փոխարինման ծրագրի տեխնիկական բնութագրում, ի դեպ, որպես պարտադիր պահանջ, մի շարք չափորոշիչներ են սահմանված: Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցվում են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս