Սուտլիկ խոսկանը
Նիկոլ Փաշինյանն այսօր իր մոտ է հրավիրել Հանրային հեռուստաընկերության մի լրագրողի, ով ընթերցելու է նախապես իրեն հղված հարցերը և ուշիմ դեմքով լսելու է նախկին լրագրողի պատասխանները։ Այս կրկեսը վարչապետի աշխատակազմը որակել է՝ որպես «ասուլիս», իսկ զանազան արարածներ՝ դրան մասնակցելուց հրաժարվելու հինգ տասնյակից ավելի լրատվամիջոցների քայլը՝ որպես «ժողովրդավարության դեմ ուղղված» գործողություն։
Այս թատրոնի ողջ իմաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում պատասխանել իրեն ոչ հաճելի, իր գրասենյակի կողմից չգրաքննված հարցերի։ Այն, որ այդպես է վարվում մարդը, ով իր կարիերայում հաջողության է հասել, այդ թվում՝ զանազան ասուլիսներում, հարթակներում էպատաժային հարցեր տալու շնորհիվ, ավելի ողբերգական է դարձնում թատրոնը։
Բայց Նիկոլ Փաշինյանի անցյալը, մեծ հաշվով, երկրորդական է։ Ավելի կարևոր է այն, թե ինչո՞ւ է նա խուսափում պատասխանել իրեն ոչ հաճելի, նախապես չպատրաստված հարցերի։
Այս հարցը կարող է ունենալ երկու հիմնական պատասխան։ Կամ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում երկրում տեղի ունեցող իրադարձություններին, իրավիճակին և մտավախություն ունի, որ ուղղակի չի կարող պատասխանել հարցերի, որոնց նախապես չի պատրաստվել։ Մյուս տարբերակն այն է, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է՝ ցանկացած ոչ չգրաքննված հարցի ցանկացած պատասխան աշխատելու է իր դեմ։
Այսինքն՝ կամ Նիկոլ Փաշինյանն ուղղակի կոմպետենտ չէ և խուսափում է կամայական հարցերից, կամ էլ գիտակցում է իր իրականացրած գործողությունների խայտառակ հակապետական բնույթն ու չի ցանկանում կատարել հայտարարություններ, որոնք կարող են օգտագործվել իր իսկ դեմ։
Այս տարբերակները, ի դեպ, կարող են տեղին լինել միաժամանակ, այսինքն՝ շատ հավանական է, որ Նիկոլ Փաշինյանը և՛ կոմպետենտ չէ, և կատարել ու կատարելու է այնպիսի քայլեր, որոնց մասին բարձրաձայնումը կարող է օգտագործվել իր դեմ։
Իսկ դա նշանակում է, որ «ասուլիս» կոչվող ներկայացման ընթացքում Նիկոլ Փաշինյանն այսօր խոսելու է ամեն ինչի մասին, բացի ճշմարտությունից։ Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ սուտ է խոսելու։
Կամ, որ նույնն է՝ չի խոսելու ճշմարտության մասին։ Բայց որպեսզի սուտը ճշմարտանման ներկայացվի, նրան «ուղղվելու» են տասնյակ հարցեր՝ զանազան պսևդոլրատվամիջոցներից, տարատեսակ բլոգերներից ու հասարակական կազմակերպություններից։
Հարություն Ավետիսյան