Քանդում են Երևանի նախկին ալրաղացի շինությունները
«Փեթակ» առևտրի կետրոնի հարևանությամբ գտնվող Երևանի Ալրաղաց կոմբինատի սյունաձև շինությունների մի հատվածն այսօր քանդվել է։ Կոմբինատը կառուցվել էր 1938թ․ և վաղուց արդեն չի գործում։
Ո՞ւմ են պատկանում տարածքը, կոմբինատի շենքն ու հարակից շինությունները, ի՞նչ նպատակով են քանդվում և ի՞նչ է նախատեսվում կառուցել դրանց փոխարեն։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար 168․am-ը դիմեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժին։ Քաղաքապետարանում տեղյակ չէին, որ մայրաքաղաքի կենտրոնում ընթանում են քանդման աշխատանքներ։
168․am-ի ահազանգից հետո քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Լևոն Սարդարյանը պարզել էր, որ տարածքը պատկանում է մասնավոր ընկերության, որի անունը Սարդարյանը խոստացավ պարզել հաջորդ օրը։
Ընկերությունը որոշ ժամանակ առաջ դիմել է Երևանի քաղաքապետարանին՝ ալրաղացի կոմբինատի սյունաձև շինությունների քանդման թույլտվություն ստանալու համար, սակայն մերժվել է ոչ լիարժեք փաստաթղթեր ներկայացնելու պատճառաբանությամբ։ Մերժվելուց հետո ընկերությունն այլևս չի դիմել քաղաքապետարանին և ինքնակամ՝ առանց թույլտվության, նախաձեռնել է քանդման աշխատանքներ։
Դեպքի վերաբերյալ քաղաքապետարանի համապատասխան բաժինը կազմում է արձանագրություն։
Աննա Դեմիրճյան