«Թուրքիայի տնտեսական խորը ճգնաժամը չի կարող զսպել Հայաստանի հանդեպ նրա ագրեսիվ քաղաքականությունը». Տիրան Լոքմագոզյան
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Թուրքիան խորը տնտեսական ճգնաժամի մեջ է, և երկրի ընդդիմությանը մեղադրել են, որ այս պահին այդ հանգամանքն օգտագործում են քաղաքական նպատակներով։
Թուրքիայի տնտեսական խորը ճգնաժամը կարո՞ղ է ազդել Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա, մասնավորապես՝ Հայաստանի նկատմամբ գործադրվող նրա ագրեսիվությունը զսպել։
168.am–ի հետ զրույցում թուրքագետ Տիրան Լոքմագոզյանն անդրադառնալով այս հարցին, նկատեց՝ Թուրքիայի տնտեսությունն առնվազն վերջին 10-15 տարիների ընթացքում մշտապես տուժել է, և տնտեսական ճգնաժամը վաղուց է հասունացել։
«Սա Թուրքիայի տնտեսությունում նոր բան չէ։ Բայց եթե երկրի արտգործնախարարն է նման հայտարարություն անում, ապա, ըստ իս, այն ավելի շատ քաղաքական նպատակներ ունի։ Հատկապես, եթե այստեղ ընդդիմությանը կոչ է անում, որպեսզի այդ հանգամանքը չօգտագործվի քաղաքական նպատակներով, ապա դա կապ ունի առաջիկա նախագահական ընտրությունների հետ։ Սրանով Թուրքիայի իշխանությունն իր հասարակությանը մեսիջ է փոխանցում, թե՝ տեսեք, մենք ուզում ենք երկիրը դուրս բերել այս իրավիճակից, բայց ընդդիմությունը խանգարում է։ Այսինքն՝ այս ամենն իշխանությունն օգտագործում է սեփական շահերի համար»,- նշեց Տիրան Լոքմագոզյանը։
Ըստ նրա, որքան էլ Թուրքիայի տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ լինի, դա չի անդրադառնալու նրա վարած ագրեսիվ քաղաքականության վրա, հատկապես Հայաստանի նկատմամբ։
«Թուրքիայի տնտեսական խորը ճգնաժամը չի կարող զսպել Հայաստանի հանդեպ նրա ագրեսիվ քաղաքականությանը։
Այսօր ամբողջ աշխարհում տարածված են թուրք զինվորները՝ Լիբիայից մինչև Աֆղանստան։ Հավատացեք, Թուրքիան գուցե առաջին հերթին Լիբիայից հետ քաշի իր զինվորներին, սակայն Հայաստանի հետ կապված նրանց ծրագրերը չեն փոխվել ու չեն փոխվելու։ Հայաստանի հարցը Թուրքիայի համար ավելի կարևոր է, քան Սիրիայի, Աֆղանստանի, Լիբիայի հարցերը։ Հայաստանի հետ Թուրքիայի քաղաքականությունը կմնա անփոփոխ՝ նրա քաղաքականությունը նույն ագրեսիվությամբ կշարունակվի»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Թուրքագետը միաժամանակ ասաց, որ եթե Էրդողանի առողջական վիճակը թույլ տա, ապա նա արդեն հայտարարել է, որ մասնակցելու է նախագահական ընտրություններին, և եթե մասնակցի, վստահաբար վերընտրվելու է։
«Նույնիսկ, եթե Էրդողանն այս պաշտոնում չվերընտրվի, այլ նրան փոխարինի մեկ այլ անձ, կրկնում եմ՝ Հայաստանի նկատմամբ այդ երկրի վարած քաղաքականությունը չի փոխվելու։ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարվող քաղաքականությունը շատ խորը արմատներ ունի՝ այդ քաղաքականությունը նույնն է՝ հայերի ու Հայաստանի բնաջնջում, կամ էլ հայությունը պետք է լինի այնքան փոքր հողակտորի վրա, որն ամբողջությամբ Թուրքիային ձեռքում լինի։ Ցավոք, մենք աստիճանաբար այս ճանապարհին ենք հասնում»,- ընդգծեց Տ. Լոքմագոզյանը։