
Թուրքիան ցանկացած պահի կարող է սկսել Սիրիայի տարածքում ծրագրված նոր ռազմական գործողությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ցանկացած պահի սկսել Սիրիայի տարածքում ծրագրված նոր ռազմական գործողությունը: Այս մասին հայտնում է թուրքական Haberturk-ը:
Քալընն ասել է, որ Թուրքիան արդեն երեք խոշոր գործողություն է իրականացրել Սիրիայի տարածքում և ոչ մեկից թույլտվություն չի խնդրել։
«Մեր նախագահն ասել է, որ գործողությունը կարող է սկսվել ցանկացած պահի։ Այն պահին, երբ մենք սպառնալիք կտեսնենք, գնահատում կիրականացվի, և կարվի անհրաժեշտ ամեն ինչ»,- ասել է Քալընը:
Նա հայտարարել է, թե իբր գործողությունն ուղղված չի լինի Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ։