«ՀՀ պաշտոնական ներկայացուցչին որ պաշտոնից ազատում են, տեղը մարդ չեն նշանակում, իրենց պրոբլեմները Լարսում ո՞վ պետք է լուծի». Էդգար Ղազարյան

Աննա Հակոբյանը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ Նիցցա քաղաք: Հունիսի 26-ին մասնակցելու է Պարսամյան վարժարանի 35-ամյակի հանդիսությանը:

«Հես ա աշնանն էլ գնալու է Այբբենարանի հանդեսին: Դրանից առաջ որտե՞ղ էր գնացել, Շվեյցարիա: Բոլոր հանդիպումները՝ ռեստորաններում, նույնիսկ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումը՝ ռեստորանում, էն մյուս հանդիպումը Շվեյցարիայում ապրող գործարար Վարդան Սրմաքեշի հետ, ով Հայաստանում բիզնեսներ ունի, ժամանակին «Իմ քայլը» հիմնադրամի դոնորն է եղել, նրա հետ հանդիպում է ռեստորանում»,- «Հայելի» ակումբում ասել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ այս ուղևորությունը դիտարկելով Լարսում ստեղծված իրավիճակի և հատկապես գյուղատնտեսությանը սպասվող վնասի հետ:

Հիշեցնենք՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը հայտնել է, որ Թերեք գետը հորդառատ անձրևների պատճառով դուրս է եկել ափերից և ողողել Վրաստանի և Ռուսաստանի միջև ընկած մայրուղին։ Ճանապարհը վնասվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում (չեզոք գոտի): Վնասված հատվածը 80 կմ է։

«Արամ Թանանյանին Նիկոլ Փաշինյանը նշանակել էր Լարսում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ, որպեսզի զբաղվի այդ հարցերով: Այս մարդը վերջերս հրաժարական է տվել, վերադարձել Հայաստան, ու ոչ մի նոր մարդ չի փոխարինում։ Այսինքն, պաշտոնյա, որը պետք է տեղում  փորձի լուծել տեխնիկական, կազմակերպչական, իրավական խնդիրներ՝ ընկերությունների, քաղաքացիների համար, գոյություն չունի, ու դրանով ոչ մեկը չի զբաղվում: Մի քանի օր առաջ էլ Լարս էր այցելել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հանդիպել ռուս պաշտոնյայի, իսկ հանդիպմանը չի մասնակցել ՌԴ-ում ՀՀ-ի դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ով, ի դեպ, նշանակման օրվանից մինչ օրս դեռ ՌԴ նախագահին իր հավատարմագրերը չի հանձնել: Ու ինքը հրաժարվել է գնալ Լարս, մասնակցել այդ հանդիպմանը: Հիմա ուզում եմ հասկանալ՝ ՀՀ պաշտոնական ներկայացուցչին որ պաշտոնից ազատում են, տեղը մարդ չեն նշանակում, իրենց պրոբլեմներն այնտեղ ո՞վ պետք է լուծի: Եթե ՀՀ-ն իշխանություն ունենար՝ այսօր ՀՀ վարչապետը կլիներ Լարսի անցակետում: Վրաստանի վարչապետի հետ վերջին անգամ հանդիպում ունեցել է Դիլիջանում: Բոլոր հանդիպումների նպատակն այն պետք է լինի, որ մեզ վերաբերող խնդիրները լուծում ստանան, բայց սրանց հանդիպումներից հետո խնդիրները շատանում են: Դրա համար պետք է նենց անել, որ սրանք ոչ մեկի հետ չհանդիպեն՝ բացի ԱԱԾ քննչական դեպարտամենտի կարևորագույն գործերով քննիչից»,- նշել է Էդգար Ղազարյանը:

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի՝ արդեն 24-րդ անգամ Արցախ կատարած այցին, այս անգամ՝ Քարվաճառի շրջան:

«Բացել են նոր զորամաս: Ադրբեջանի Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ բանակի թվակազմն ավելացվում է, Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը նոր սպառազինություններ ձեռք բերելու պայմանագրեր է կնքել: Դրան զուգահեռ՝ ՀՀ-ում ինչ է տեղի ունենում. արդեն 2-րդ ամիսը կլինի՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ ու երկու տեղակալ չկա, ՀՀ ՊՆ-ն Սուրեն Պապիկյանն է, պատերազմից հետո Հայաստանը որևէ սպառազինություն ձեռք չի բերել, չի կնքել ռազմատեխնիկական համագործակցության որևէ նոր պայմանագիր: Ըստ էության մեր երկիրը զինաթափում ենք Ալիևի պահանջով: Այսինքն, մարդիկ պատրաստվում են «խաղաղության դարաշրջանի»»,- հավելել է Էդգար Ղազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս