Ջհանգիրյանի և Վարդազարյանի խոսակցության ձայնագրությունն ինձ թույլ չեմ տվել լսել. Արտակ Զեյնալյան
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի միջև տեղի ունեցած խոսակցության ձայնագրության մասին, նկատեց՝ իրավական գործընթաց է տեղի ունենում, և ինքը՝ որպես Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, պարտավոր է դիրքորոշում չհայտնել։
«Դատավորի էթիկայի կանոնները տարածվում է նաև դատավորի թեկնածուի վրա»,- նշեց Արտակ Զեյնալյանը։
Ինչ վերաբերում է ձայնագրությունում առկա խոսակցության բառապաշարին, Արտակ Զեյնալյանը նկատեց. «Առհասարակ ինձ թույլ չեմ տվել լսել այդ ձայնագրությունը, նմանատիպ ձայնագրություններ չեմ լսում։ Որպես դատավորի թեկնածու՝ պարտավոր եմ իրավական գործընթացի ընթացքում դիրքորոշում չհայտնել»։
Նա ընդգծեց, որ դատավորի պաշտոնում ընտրվելուց հետո առաջնորդվելու է Սահմանադրությամբ նախատեսված հիմնարար իրավունքներով։
Ինչ վերաբերում է լուրերին, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության սրտով չի եղել, որ ինքն առաջադրվի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, Արտակ Զեյնալյանն ասաց, որ ինքն իրեն տեսնում է՝ ինչպես ՍԴ դատարանի դատավորի, այնպես էլ՝ Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում, և չի դառնա խոչընդոտ այն դատավորների համար, ովքեր իր հետ նույն ցուցակում են։
Նշենք, որ խորհրդարանն արտահերթ նիստում ընտրում է Վճռաբեկ դատարանի դատավորների, թեկնածուներից մեկն էլ Արտակ Զեյնալյանն է։