«Արցախի որևէ քաղաքական ուժ իրավունք չունի ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության դեպքում մի կողմ քաշվել». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասներ է հայտնել «Դիմադրություն» շարժան կազմով Արցախ կատարած այցի մասին, որի ընթացքում հանդիպել են Արցախի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի, ինչպես նաև՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի հետ:
Արցախում ասել են, որ գնացել են մեկ օրակարգով՝ Արցախի և ՀՀ-ի անվտանգություն, այս տարածաշրջանում հայերի գոյության պահպանում:
«Հորդորել ենք, կոչ ենք արել մի կողմ դնել ներքաղաքական կռիվը գոնե ազգայինին վերաբերող հարցերում և Արցախի հետ կապված արտահայտել մեկ դիրքորոշում: Արցախն այսօր պետք է ձայն բարձրացնի, պետք է որոշակի պարբերականությամբ Արցախին վերաբերող և ՀՀ իշխանությունների առաջ քաշած օրակարգի հարցում դիրքորոշում ներկայացնի:
Արցախի որևէ քաղաքական ուժ իրավունք չունի այս իշխանությունների վարած քաղաքականության դեպքում մի կողմ քաշվել և զբաղվել բացառապես նեղ անձնական կամ սեփական օրակարգով: Անկախ նրանից՝ Արցախի նախագահի անունը Արայիկ կլինի, թե Պողոս, այն մարդիկ, որոնք կպաշտպանեն ՀՀ իշխանությունների մոտեցումը, կկիսեն այն ողջ պատասխանատվությունը, որը նրանք ներկայացնում են»,- նշել է Աբրահամյանը՝ հավելելով, թե չի կարծում՝ անկախ նրանից՝ տարբեր դերակատարներ ինչ են հնչեցնում, Նիկոլ Փաշինյանի ներկայացրած օրակարգն Արցախում կարող է որևէ հավանության արժանանալ:
Պատգամավորի խոսքով, առաջիկա 1-2 տարվա ընթացքում Արցախում խոշոր փոփոխություն անելու հնարավորություն է ստեղծվելու:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում