Հիմնադրամի միջոցներով 2021-ին Արցախում սկիզբ դրված շուրջ 80 մլն դոլարի ծրագրերն անխտիր իրականացվում են. Հայկակ Արշամյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2021-ին Արցախում սկիզբ դրված 80 մլն դոլար արժեքով 43 մեծածավալ ծրագրերն անխտիր իրականացվում են, որոշներն ավարտվել կամ ավարտման փուլում են: Այս մասին ասաց Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ հերթական նիստին՝ ներկայացնելով 2021 թվականի գործունեության մասին հաշվետվությունը:

Արշամյանը նախ ընդգծեց, որ 2021 թվականը լի էր բազմաթիվ մարտահրավերներով, և 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները մնում էին մեծամասամբ չհաղթահարված: Պատերազմի հետևանքով առերեսվել ենք ցավալի իրողությունների հետ:

«Հիմնադրամը, որպես համահայկական ազգային կառույց, իր աշխարհասփյուռ ցանցով առաջին իսկ օրվանից այդ խնդիրների լուծման առաջնագծում էր: Հայաստան-սփյուռք կառուցողական համագործակցության շնորհիվ այն իր առջև դրեց հեռուն գնացող համարձակ նպատակներ՝ բազմաբնույթ կենսական ծրագրեր իրականացնելով Հայաստանում և Արցախում, նաև՝ սփյուռքում: Տարիներ շարունակում Հիմնադրամի կողմից իրականացվող հիմնական ծրագրերը սկսեցին կրել էլ ավելի մեծածավալ բնույթ և ներկայացան նոր ձևաչափով՝ ընդգրկելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են առողջապահությունը, հումանիտար օգնության տրամադրումը, սոցիալական աջակցությունը, կրթությունը, ենթակառուցվածքների վերականգնումն ու զարգացումը և այլն: Աննախադեպ թափ առավ նաև Արցախում իրականացվող բնակարանաշինությունը»,-ասաց Հիմնադրամի տնօրենը:

Ընդհանուր առմամբ 2021-ի ընթացքում իրականացվել են ավելի քան 70 ծրագրեր, որոնց մի մասը երկարաժամկետ ծրագրեր են և շարունակվում են այս տարի՝ 2022 թվականին, մի մասն էլ կավարտվեն 2023 թվականին:

Հիմնադրամի 2021 թվականին անցկացրած հեռուստամարաթոնը տարբերվել է իր ձևաչափով, այն ներկայացվել է «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրով հաշվետու ֆիլմի տեսքով՝ ամփոփելով 2020-2021 թվականներին Հիմնադրամի իրականացրած ծրագրերը: Հեռուստամարաթոնին հավաքագրվել է 12 մլն 351 հազար դոլար՝ աշխարհի բոլոր անկյուններից:

«Կարծում ենք, որ Հայաստանի և Արցախի սահմանային համայնքների զարգացումը պետք է մնա Հիմնադրամի և համայն հայության ուշադրության կենտրոնում: Եվ այս տարվա դրամահավաքները պետք է լինեն հենց 2021 թվականի հեռուստամարաթոնի տրամաբանության մեջ: Դրանով Հիմնադրամը կապահովի թե՛ ծրագրային ճկունությունը, և թե իր ուշադրության կենտրոնում կպահի Հայաստանի սահմանային համայնքները, ինչպես նաև՝ Արցախը»,-ասաց Արշամյանը:

Նրա խոսքով՝ 2021 թվականի մարտի 15-ին Հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում հավանության արժանացած՝ ընդհանուր առմամբ շուրջ 80 մլն դոլար արժեքով Արցախում սկիզբ դրված 43 մեծածավալ ծրագրերն անխտիր իրականացվում են: Ավելին՝ որոշներն ավարտվել կամ ավարտման փուլում են: 22 ծրագիր շարունակական է: Դրանք ավարտին կհասցվեն 2022 և 2023 թվականներին: Տարվա ընթացքում Արցախում իրականացվել են բազմաթիվ հավելյալ փոքր ու միջին ծրագրեր՝ ելնելով դրանց խիստ անհրաժեշտությունից և հրատապությունից:

««Հայաստան» հիմնադրամը, առողջապահության ոլորտում համագործակցելով Արաբկիր և Կոշ վերականգնողական կենտրոնների, ինչպես նաև՝ Զինվորի տան հետ, բնականոն կյանք է վերադարձրել և վերադարձնում պատերազմի ժամանակ վիրավորում ստացած հարյուրավոր զինծառայողների՝ ապահովելով նրանց ֆիզիկական և հոգեբանական վերականգնումը: Հիմնադրամը նաև պատերազմի տուժած զինվորներին և նրանց ընտանիքներին հնարավորություն է ընձեռել մասնագիտանալու ՏՏ և այլ մասնագիտությունների ոլորտներում՝ ապահովելով նրանց աշխատանքի ընդունումը»,-ասաց Արշամյանը:

Հիմնադրամը նաև ջրամատակարարման ոլորտում Հայաստանում և Արցախում իրականացնում է ջրատարների կառուցում 8 համայնքներում՝ ընդհանուր առմամբ 97.5 կմ երկարությամբ՝ համայնքի բնակիչներին ապահովելով շուրջօրյա խմելու և ոռոգման ջրով: Արևային էներգիայի ծրագրերի շրջանակներում Սյունիքի սահմանամերձ համայնքներում՝ Շուռնուխում, Արավուսում, Դավիթ Բեկում, Խոզնավարում բնակելի տների տանիքներին տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, ինչը հնարավորություն է տվել տեղի բնակիչներին ապահովել շուրջօրյա տաք ջրամատակարարմամբ:

«Ինչ վերաբերում է ճանապարհաշինության ոլորտին, ապա հիմնադրամը Արցախում վերակառուցում և հիմնանորոգում է առավել կենսական տարածքներն իրար կապող ավելի քան 50 կմ ավտոճանապարհ»,-նշեց նա:

Հիմնադրամի ուշադրության կենտրոնում է նաև դպրոցաշինության բնագավառը: Արցախում Հիմնադրամն իրականացրել է միջնակարգ դպրոցների վերանորոգում ու վերակառուցում, նաև Արցախի պետական համալսարանի տարածքում կառուցել ու վերակառուցել է մասնաշենքեր: Սյունիքում ևս դպրոցների վերանորոգում է իրականացվել:

Ինչ վերաբերում է բնակարանաշինությանը, ապա բնակելի համալիրներ ու թաղամասեր են կառուցվում Արցախում Ստեփանակերտի Թումանյան, Տիգրան Մեծ փողոցներում, Ասկերանի շրջանի Աջափնյակ, Իվանյան և Հովսեփական համայնքներում: Այդ կերպ բնակարաններով կապահովվի շուրջ 1063 ընտանիք: Հայաստանում Գյումրիի Մուշ 2 թաղամասում կառուցվել է երկու բնակարանային համալիր՝ նախատեսված 36 ընտանիքի համար, որի շահառուները 1988-ի աղետից տուժած տնակային ավաններում բնակվող բազմազավակ, սոցիալապես անապահով, նաև վերջին պատերազմի ընթացքում զոհված անձանց ընտանիքներն են: Նույն թաղամասում արդեն իսկ սկսվել են ևս 2 շենքի կառուցման աշխատանքներ՝ նախատեսված 60 ընտանիքի համար:

Հաշվետվության վերջում Հիմնադրամի գործադիր տնօրենը շնորհակալությունը հայտնեց բոլոր նվիրատուներին:

 

Տեսանյութեր

Լրահոս