
Ավտոմեքենան մոտ 3 մետր դուրս է եկել Մեղրիի ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ

Հունիսի 25-ին, ժամը 10:49-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղից դեպի Նորավանք վանական համալիրի խաչմերուկ տանող ճանապարհահատվածին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 109-րդ կմ-ին «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1985 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ) և բախվել ծառին․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, այնուհետև տեղափոխվել Երևան քաղաքի Իզմիրլյան ԲԿ։