Ադրբեջանը պատրաստվում է առաջ գնալ, կտրել Վայոց ձորն ու Սյունիքը. Հրանտ Միքայելյան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Բաքվում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը դադարեցրել է իր գործունեությունը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ։

Այս հայտարարությունը Սերգեյ Լավրովն արել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանը կիսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությանը «հրաժեշտ տալու» անհրաժեշտության վերաբերյալ։

168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Մինսկի խմբի համանախագահության գործունեության դադարեցման մասին Լավրովի հայտարարությունը պայմանավորեց հենց Ռուսաստանի ցանկությամբ, որն այս պահին համընկնում է Ադրբեջանի ցանկության հետ։

«Ընթացող զարգացումները ցույց են տալիս, որ Մինսկի խմբի համանախագահությունը պարզապես քանդվում է, բայց քանի որ Արցախին անկախության հնարավորություն տվող այլ ձևաչափ ուղղակի չկա, Հայաստանի համար շատ կարևոր է ամեն գնով պահպանել այս ձևաչափը։

Մենք հասկանում ենք, որ պատերազմի ավարտից հետո այն դեռ չունի օրակարգ, ուստի հայկական շահից է բխում վերականգնել այդ օրակարգը՝ ի հեճուկս Ադրբեջանի»,- ասաց քաղաքագետը՝ շեշտելով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումն է Հայաստանի համար առաջնային, ոչ թե կեղծ խաղաղության օրակարգի հաստատումը. կեղծ, որովհետև Ադրբեջանի օրակարգը հայերին ամեն ձևով հաղթելն է։

«Ադրբեջանը ցանկանում է հասնել Սյունիք և Երևան։ Ալիևն ուզում է Նախիջևանի համար ճանապարհ բացել, որին հայկական կողմի արձագանքը հասկանալու համար բավարար է տեսնել, թե ունի՞ արդյոք Հայաստանի իշխանությունը կարմիր գիծ։ Այստեղ պետք է հիշենք Փաշինյանի այն հայտարարությունը, թե հայկական կողմը պատրաստ է գնալ հաղորդակցության ուղիների բացմանը, բայց դեմ է միջանցքային տրամադրություններին։ Որքան էլ Հայաստանի իշխանությունն այդ գիծը մինչև հիմա պահում է, բայց մենք տեսնում ենք, որ մենք խոսում ենք, իսկ Ադրբեջանը մեծացնում է ճնշումն ու ցանկանում է այդ միջանցք կոչվածի վրա կանգնեցնել հենց ադրբեջանական ուժերը՝ սպասելով ռուսական կողմից դիրքերի թուլացման։ Ադրբեջանը հիմա ևս բռնել է հարձակողական դիրք։

Պատահական չեն թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Հայաստանի սահմանների նկատմամբ հարձակումները, անցյալ տարվա մայիսից Հայաստանի սուվերեն տարածքներից 110 քառակուսի կիլոմետրի օկուպացումը»,- ասաց Միքայելյանը՝ նկատելով, որ Ադրբեջանն իր պլանավորած ռազմական գործողությունները սկսելու նպատակով է նաև, որ Հայաստանում 3000 մետրից բարձր սարեր է վերահսկում։

«Ադրբեջանը պատրաստվում է առաջ գնալ, կտրել Վայոց ձորն ու Սյունիքը. Ադրբեջանը պլացդարմ է պատրաստում։ Իհարկե, որևէ մեկը չի կարող ասել, որ ռազմական գործողությունները կարող են լինել հենց վաղը, բայց ակնհայտ է, որ դա լինելու է։ Դրա մասին են խոսում նաև ադրբեջանական կողմի՝ Սյունիքով միջանցքի բացմանն ուժով հասնելու բացահայտ հայտարարությունները։ Այս ու այլ հայտարարությունները ևս ցույց են տալիս՝ Ադրբեջանը շարունակում է ճնշումը Հայաստանի վրա, ուղղակի տեռորի է ենթարկում Հայաստանը, հետևաբար՝ հարց է առաջանում, թե ինչպես կարելի է խոսել ինչ-որ խաղաղության պայմանագրի մասին»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս