Ես շատ հուզված եմ Հայաստանում գտնվելու համար, քանի որ սա Շառլ Ազնավուրի հայրենիքն է. ZAZ
Հայաստանում է ֆրանսիացի հայտնի և սիրված փոփ երգչուհի ZAZ-ը: Նա վաղն առաջին անգամ հանդես կգա մենահամերգով Երևանի «Հրազդան» մարզադաշտում: Համերգային երեկոյի բացումը կանեն «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը և երիտասարդ հայ երաժիշտ Պարգը։ Համերգի հրավիրյալ նվագակցողն է դուդուկահար Կամո Սեյրանյանը, որ հայկական դուդուկի կախարդական հնչողությունը կփոխանցի հանդիսատեսին ZAZ-ի հետ համատեղ կատարմամբ:
Երգչուհին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ ուրախ է լինել Հայաստանում:
Ապա անդրադարձել է իր կյանքում Շառլ Ազնավուրի դերակատարմանը՝ համարելով նրան իր կնքահայրը. «Այո, նրա խորհուրդները շատ մեծ տեղ ունեն իմ կյանքում: Ես շատ հուզված եմ՝ Հայաստանում գտնվելու համար, քանի որ սա Շառլի հայրենիքն է: Ես ինձ շատ պատասխանատու եմ զգում՝ լինելով այստեղ: Վերջին անգամ այստեղ եղել եմ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում»,- նշեց ZAZ-ը:
Իսկ հետո երգչուհին պատմեց, թե ինչպես է մուտք գործել երգարվեստ։ Փարիզ տեղափոխվելուց հետո սկսել է երգել կաբարեում. «Ինչ-որ մի պահի ես այնքան էլ ինձ չէի հարգում այնտեղ ու որոշեցի, որ պետք է լքեմ այդ վայրը, բայց գումար չունեի: Ոչ մի տեղ չէին ուզում աշխատանքի վերցնել, որոշեցի, որ փողոցում կերգեմ իմ ընկերների հետ և գումար կաշխատեմ»:
Ի վերջո, երգչուհի ZAZ-ը, գուցե նաև Շառլ Ազնավուրի խորհուրդներով, սկսեց իր կարիերան մեծ բեմի վրա։
Հավելենք, որ «ՀԱՅԱ»-ն նոր նախագիծ է, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել համերգային գործունեության նոր ձևաչափ և ստանդարտներ: Այն նախատեսված է տասնյակ-հազարավոր հանդիսատես ունեցող լայնածավալ միջոցառումների համար: Ողջ տարածաշրջանում «ՀԱՅԱ» փառատոնը տարբեր երաժշտական ժանրերի աշխարհի թիվ մեկ արտիստների հետ հանդիպման վայր է: Այն նոր էջ է բացում Հայաստանում նաև զբոսաշրջության ոլորտի համար: