
Չավուշօղլուն առիթը բաց չի թողել ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող Ստոկհոլմին և Հելսինկիին կրկին մեղադրանքներ ուղղելու

Չավուշօղլուն կրկին մեկնաբանել է Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերի հարցը և նշել, որ Թուրքիան մտադիր չէ որևէ զիջման գնալ պետության և քաղաքացիների անվտանգության հետ կապված հարցերում։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Թուրքիան մտադիր չէ որևէ զիջման գնալ պետության և քաղաքացիների անվտանգության հետ կապված հարցերում։ Հենց այս պրիզմայից ենք մոտենում Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումներին։»,-այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով Մալաթիայի նահանգում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների առաջ։
Նա ընդգծել է, որ սկանդինավյան երկու երկրները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն Թուրքիայի պահանջները բավարարելու համար։
«Անկարան անհնարին բան չի պահանջում Ստոկհոլմից և Հելսինկիից։ Մենք միայն ցանկանում ենք վերջ տալ ահաբեկիչներին աջակցությանը, ինչպես նաև արգելել սկանդինավյան երկրներում այդ արյունալի կառույցների կողմնակիցների ցանկացած գործունեություն»,- ասել է նա:
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի ապագա դաշնակցի անվտանգությանը սպառնացող կազմակերպություններին ֆինանսական և ռազմական օգնությունը հակասում է ռազմաքաղաքական կառույցի ոգուն և սկզբունքներին։
«Եթե Շվեդիան և Ֆինլանդիան ցանկանում են դառնալ Թուրքիայի դաշնակիցները ՆԱՏՕ-ում, ապա նրանք չպետք է մեր երկիրը ընկալեն որպես թշնամի։ Ահաբեկչության դեմ պայքարի պատճառով Թուրքիայի դեմ էմբարգո սահմանելն անընդունելի է. Եթե այդ երկրները պնդեն, որ սահմանափակումները պահպանվեն, ապա նրանց չեն ընդունի ՆԱՏՕ»,- ընդգծել է Չավուշօղլուն:
Թուրք նախարարը հայտարարել է, որ Թուրքիան Հելսինկիից և Ստոկհոլմից ակնկալում է հստակ քայլեր, «ոչ թե դատարկ հայտարարություններ»։