ԿԲ նախագահն ասում է՝ հարգելի արտահանողներ, մեր վրա հույս չդնեք, մենք ձեր մասին կհիշենք մենակ հարկ հավաքելուց, որ մեզ լավ պադավատ գնենք. Վահրամ Միրաքյան
Մանթաշով գործարարների միության հիմնադիր Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ երկու գինեգործ ընկերոջ հետ նստած կարդացինք Կենտրոնական բանկի նախագահի խորհուրդը, որտեղ դոլարի արժեզրկման հետևանքով տուժած արտահանողներին առաջարկում էր ավելի օրիգինալ ու կրեատիվ լինել:
Դա մենք հասկացանք, որ Կենտրոնական բանկի նախագահն ասում է, որ հարգելի արտահանողներ, մեր վրա հույս չդնեք, մենք ձեր մասին կհիշենք մենակ հարկ հավաքելուց, որ մեզ լավ պադավատ գնենք:
Նաև հասկացանք, որ իրենց կաբինետներում նստած էդ չինովնիկներն անհույս կտրվել են իրականությունից:
Ասեմ ինչու:
1. Ինձ հետ նստած երկու ընկերները գինի են արտադրում ունիկալ հայկական խաղողի սորտերից, այսինքն իսկզբանե իրենց ապրանքն ունիկալ է:
2. Ինձ հետ նստած երկու ընկերներն ունեն արտահանման տարեկան պայմանագրեր դոլարով ու եվրոյով ֆիքսված: Պլյուս ունեն տասնյակ տոննաներով հումք ու այլ պարագաներ, որոնք գնվել են նախկինում: Հետևաբար այլ ապրանք ստանալու արդյունքում առնվազը կսննկանան, քանի որ չեն կարող կատարել պայմանագրային պարտավորությունները՝ իր բոլոր հետևանքներով:
3. Իրենք պայմանագիր են կնքել հաշվի առնելով այդ պահի կուրսը, հնարավոր 2-4 տոկոս տատանումներով, բայց հիմա կուրսի տատանումը հասել է 20 տոկոսի, ինչի արդյունքում արդեն ստիպված են կամ վնասով աշխատել կամ խզել պայմանագրերն ու ընկնել տուգանքների տակ ու կորցնել շուկաները, որոնց համար տարիներով պայքարել են:
Հիմա էս ամեն ինչի ենթատեքստում Կենտրոնական բանկի նախագահն առաջարկում է ավելի ունիկալ լինել (հղումը մեկնաբանությունում):
Մենք էլ առաջարկում ենք դուրս գալ կաբինետից ու ծանոթանալ իրականության հետ:
Հենց հիմա կոտրվում Հայաստանի տնտեսության ողնաշարը, իսկ չինովնիկն առաջարկում է արտահանողներին ունիկալ դառնալ»: