Բաժիններ՝

«Ուզում եմ պատճառն իմանամ, ինչու որդուս ինձանից խլեցին, ում էր ինչ արել». Մահացած զինվորի մայր

2019 թվականի դեկտեմբերի 2-ին Պաշտպանության բանակի (ՊԲ) հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մայրը՝ Գոհար Ֆերոյանը, պահանջում է, որպեսզի բացահայտվեն որդու մահվան հանգամանքները։

168.am-ի հետ զրույցում Գոհար Ֆերոյանն ասաց, որ մահացած որդուն  չի կարող հետ բերել, բայց որպեսզի որդու հոգին խաղաղվի, և իր խիղճն էլ հանգիստ ապրի, պետք է բացահայտվի, թե ինչպես և ինչ հանգամանքներում է որդին մահացել։

«Մեր փաստաբանը փոխվել է, հիմա որդուս իրավահաջորդը ես եմ։ Համոզված եմ, որ որդուս հետ կատարվածը դժբախտ դեպք չի եղել։ Մինչև երեխուս մահանալը, նա ինձ հետ կապի մեջ եղել է, մենք հեռախոսով խոսել ենք։ Հիմա ես ուզում եմ պատճառն իմանամ, ինչու որդուս ինձանից խլեցին, ում էր ինչ արել։

Որդուս գործն ինչպես կար, այնպես էլ մնացել է, ինձ որևէ պատասխան չեն տալիս։ Ես ասում եմ՝ գնամ որդուս ծառայակից ընկերոջը՝ Դավիթ Մելիքբեկյանին տեսնեմ, ինձ ասում են՝ դեռ լավ չի ապաքինվել, և մայրը թույլ չի տալիս, որ նրա հետ այդ վիճակում խոսեն։ Չգիտեմ ինչ անեմ, նորից կդիմեմ փաստաբանին, նրա միջոցով գնամ Դ. Մելիքբեկյանին տեսնեմ, խոսեմ հետը, հասկանամ՝ որդուս մահվան օրը ինչ է  տեղի ունեցել»,- նշեց Գոհար Ֆերոյանը։

Նրա խոսքով՝ երեք տարի է արդեն՝ որդին չկա, իսկ իշխանության որևէ ներկայացուցիչ, այդ թվում՝ ՊՆ-ից, նրան չեն այցելել, հասկանալու համար՝ ինչպես է միայնակ ապրում վթարային տանը։

«Հիմա ես բազմաթիվ հարցեր ունեմ, դրանց պատասխանն ումի՞ց ստանամ։ Ես նոր եմ տեղեկանում, որ մեր պաշտպանության նախարարը փոխվել է, ես էլ չգիտեմ ինչ անեմ, որ գնամ նրա հետ հանդիպեմ ու հարցնեմ, իմ որդու գործից տեղյա՞կ է։ Որդուցս հետո առողջական խնդիրներ եմ ունեցել, վիրահատվել եմ, որևէ մեկը չի օգնել, անտեր-անտիրական ապրում եմ, գոնե որդուս մահվան ճիշտ պատճառն իմանամ։ Պատկան մարմիններից թող մի օր գան իմ տուն, հիմա ամառ է, գոնե մի կերպ ապրում եմ, թող գան  անձրևոտ եղանակին՝ տեսնեմ՝ քանի՞ րոպե կնստեն տանս մեջ՝ չորս կողմից ջուրը թափվում է ներս»,- հավելեց Գոհար Ֆերոյանը։

Հիշեցնենք, որ 2019թ․ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել էր և երկար ժամանակ գտնվում էր կոմայի մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս