«Եթե դա ասեր «Դռիկ Խչոն», մի տեղ կարող էինք հասկանալ, բայց ասում է ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը»․ Գևորգ Պետրոսյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր անդրադառնալով օրեր առաջ Բարձրագույն դատական խորհդրի (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի զրույցի սկանդալային ձայնագրության հրապարակմանը, ասաց, որ իր համար ցանկալի չէ խոսել իր երբեմնի դասախոսի՝ Գագիկ Ջհանգիրյանի մասին, բայց․

«Ինչպես Արիստոտելն է իր ուսուցչի՝ Պլատոնի մասին ասել՝ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի վեհ է․․․ Ես զուտ որպես իրավաբան եմ ցավում այս իրականության համար։

Ձայնագրության մեջ Վարդազարյանը հարցնում է՝ ասա պատճառը, ես ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, Ջհանգիրյանն ասում է՝ հենց միայն նրա համար, որ ես քո դասախոսն եմ։ Հիմա ես էլ ասում եմ՝ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Վճռաբեկ դատարանի նախագահ, իմ կողմից շատ հարգված Լիլիթ Թադևոսյանին և իմ կողմից չհարգված Արդարադատության նախարար, էն որ ասում է՝ ես Նիկոլի նկարին նայում, նոր եմ հիշում, որ պետք է անկողմնակալ ու անաչառ լինեմ, Կարեն Անդրեասյանին․ երեքին էլ դաս եմ տվել՝ Արդարադատության նախարարին, Վճռաբեկ դատարանի նախագահին և Գլխավոր դատախազին։ Հես ա այստեղից հելնում եմ, ժողովուրդ, վեշերներդ մեկնումեկդ հավաքեք, ձեր դասախոսն եմ, գալիս եմ, ձեր պաշտոնը պետք է ինձ զիջեք․․․ Բա սա հիմնավորո՞ւմ է։ Եթե այդ բանն ասի «Դռիկ Խչոն», կամ ժամանակին ասեր տրամվի պարկի Վարդուշը, մի տեղ կարող էինք հասկանալ, բայց այդ բանն ասում է ԲԴԽ նախագահի պաշտոնին վերջնականապես հավակնող մարդը, ով հարգանք է ունեցել իրավաբանական աշխարհում․․․»։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը սկանդալային ձայնագրություն հրապարակեց, որում լսվում է, թե ինչպես է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը կոնկրետ անձի անունից առաջարկում, որպեսզի Վարդազարյանն ինքնակամ հեռանա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս