Նացիզմին դիմակայելու թեման այսօր էլ արդիական է. ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին
Այն պայքարը, որ Խորհրդային Միությունը մղում էր 80 տարի առաջ նացիզմի` «դարչնագույն ժանտախտի» դեմ, այսօր էլ արդիական է մնում։
Այդ մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` ելույթ ունենալով Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման 14-րդ համագումարում։
ՌԴ դեսպանը հիշեցրեց, որ հայ վետերանների համագումարը անցնում է շատ խորհրդանշական օրերին, երբ բոլորովին վերջերս նշվեց Հայրենական մեծ պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության տարած մեծ հաղթանակի 77-րդ տարեդարձը, իսկ երկու օր առաջ` հունիսի 22-ին, Խորհրդային Միության վրա նացիստական Գերմանիայի ուխտադրուժ հարձակման 81-րդ տարելիցը։
«Այսօր մենք հիշում ենք հաղթանակի առաջին շքերթը Կարմիր հրապարակում 1945 թ. հունիսի 24-ին։ Այսօր` ինչպես երբևէ կարևոր է հիշել անցյալի դասերը, հակազդել պատմությունը կեղծելու, ֆաշիստների հանցագործությունները ժխտելու և խորհրդային ժողովուրդների գործած սխրանքը նսեմացնելու փորձերին։ Կարևոր է, քանի որ արդար է։ Բայց կարևոր է նաև այն պատճառով, որ այն պայքարը, որը մղում էին խորհրդային մարդիկ 80 տարի առաջ, չի ավարտվել։ Կյանքը, ցավոք, ցույց է տալիս, որ նացիզմի, նացիզմին դիմակայելու թեման, այն չարիքը, որի դեմ պայքարում էին այն ժամանակ, արդիական է մնում։ Այսօր, երբ ռուսաստանյան զինված ուժերը ռազմական հատուկ գործողություն են իրականացնում, որի հիմնական նպատակներից մեկը Ուկրաինայի դենացիֆիկացիան է, առանձնահատուկ հստակությամբ ես զգում ժամանակների, սերունդների կապը։ Հայրերի, պապերի, նախապապերի սխրանքները հերոսության, տոկունության, նվիրվածության օրինակ են ծառայում ռուսաստանցիների ներկա սերնդին։ Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը շատ է արժևորում այն աշխատանքը, որն անում է Հայաստանի վետերանների միավորումը», – ասաց դեսպան Կոպիրկինը։
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ վետերանների միավորման 14-րդ համագումարի ղեկավար կազմում է և մասնակցում է միավորման նոր խորհրդի և խորհրդի նախագահի ընտրությանը։