Լոռու մարզում բացահայտվել են լայնածավալ ապօրինի ծառահատումների դեպքեր. Վահագնիի անտառպետության անտառապետն ու ևս երեք անձ ձերբակալվել են

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի Վահագնիի անտառպետության պահպանության տարածքներում ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են լայնածավալ ապօրինի ծառահատումների դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 6 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վահագնիի անտառպետության անտառապետ Մ. Ն.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, 2021 թվականի ընթացքում հանձնարարել է անտառապահ Ս. Վ.-ին` Լոռու մարզի մի խումբ բնակիչների թույլատրել անարգել մուտք գործել հիշյալ անտառպետության տարածք և առանց համապատասխան փաստաթղթերի առկայության կատարել ապօրինի ծառահատումներ, որից հետո հիշյալ անձինք յուրաքանչյուր խորանարդ մետր փայտանյութի դիմաց անտառապետին որոշակի գումարներ են վճարել:

Բացի այդ, անտառապետ Մ. Ն.-ն փայտանյութի վաճառքի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել Լոռու մարզի բնակիչ Ս. Մ.-ի հետ, որից հետո՝ 2021 թվականի մարտից աշնան կեսերն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Վահագնի համայնքի բնակիչներ Դ. Կ.-ն և Գ. Կ-ն իրենց կողմից ապօրինի հատված փայտանյութն անտառից տեղափոխել են Լոռու մարզի Վահագնաձոր համայնքում գտնվող «Զամարլու» կոչվող տարածք, որտեղից էլ այն վերաբարձել են Ս. Մ.-ին պատկանող ավտոմեքենաները: Նշված փայտանյութի մեկ խորանարդ մետրի դիմաց Ս. Մ.-ն անտառապետ Մ. Ն.-ին վճարել է 8000 ՀՀ դրամ, որից 6.000 դրամը որպես փայտանյութի արժեք, իսկ 2.000 ՀՀ դրամը` Դ. Կ.-ին և Գ. Կ.-ին որպես աշխատավարձ:

Քրեական գործով հիմնավորվել է, որ անտառապետ Մ. Ն.-ն Լոռու մարզի մի խումբ բնակիչների, այդ թվում` Ս. Մ.-ի և Հ. Ս.-ի դրդմամբ, անտառապահ Ս. Վ.-ի, Լոռու մարզի բնակիչներ Դ. Կ.-ի և Գ. Կ.-ի օժանդակությամբ իր պարտականությունները դիտավորությամբ չի կատարել և իր լիազորությունները ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որի հետևանքով հիշյալ անձանց կողմից Վահագնիի անտառպետության տարածքում 2021 թվականի ընթացքում իրականացվել են շուրջ 90 հատ տարբեր տրամաչափի «Հաճարենի», «Թխկի», «Կաղնի», «Սոճենի», «Հացենի», «Բոխի», «Լորենի» և այլ ծառերի ապօրինի հատումներ, իսկ ստացված փայտանյութն ապօրինի վաճառվել կամ օգտագործվել է ըստ հայեցողության:

22.06.2022թ.-ին անտառապետ Մ. Ն.-ն ու ևս երեք անձ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով:

23.06.2022թ.-ին Մ.Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Լոռու մարզի բնակիչներ Հ. Ս.-ին և Ս. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Մ. Ն.-ի և Ս. Մ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` հանցագործությունների և այն կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս