Արևմուտքի համար գուցե անկանխատեսելի դասավորություն ստեղծվի աշխարհում,  Հարավային Կովկասում՝ ևս. Տարասով

ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կասկածի տակ է դնում ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հայտարարությունների ազնվությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում գործընթացը։

«Ինձ թույլ եմ տալիս կասկածել Կարեն Դոնֆրիդի անկեղծությանը։ Եթե Վաշինգտոնն ու Փարիզն իրականում Մինսկի խմբի միջնորդական գործունեությունը համարում են կարևոր, ապա իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր մասնակից պետությունների կողմից հաստատված մանդատը: Նրանք առանց որևէ խորհրդակցության փետրվարի 24-ին հանդուգն կերպով խզեցին շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ։ Եռյակի աշխատանքին հասցվել է անդառնալի վնաս»,- ասել էր նա։

Զախարովան նաև նշել էր, որ այդ քայլի պատճառների մասին հստակ բացատրություն դեռ չի ստացվել․ «Կարծում եմ, որ խաղադրույքը, ինչպես միշտ, կատարվել է այն բանի վրա, որ մենք մեկուսացման մեջ ենք ընկնելու։ Ռուսական կողմը, առավել քան որևէ մեկը, շահագրգռված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ և չի կարող թույլ տալ, որ արտաքին առանձին խաղացողների քաղաքականացված քայլերը խաթարեն տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման առանց այն էլ դժվարին ջանքերը։ Շարունակելու ենք անել հնարավոր ամեն ինչ՝ անվերապահորեն կատարելու այն պարտավորություններն ու խնդիրները, որոնք արձանագրվել են երեք երկրների ղեկավարների հայտարարություններում»։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է ԱՄՆ-ը հիշել ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, երբ հովանավորում է, որ Միշելն ակտիվորեն բանակցի Երևանի ու Բաքվի հետ:

Նրա խոսքով, ՌԴ դիրքորոշումը հստակ է այս պահին՝ Ռուսաստանին պետք չէ ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի որ ՌԴ-ն կողմերի հետ համագործակցության իր ձևաչափերն ունի:

«Բացի այդ, դեմ է նաև Ադրբեջանը: Ռուսաստանը ներկայումս կողմերի հետ կարող է անխոչընդոտ հարաբերվել: Ըստ էության, այս ձևաչափը Հարավային Կովկասում մշտապես առավելապես անհրաժեշտ է եղել Արևմուտքին այդ գոտում գործընթացներին մասնակցություն ապահովելու համար: Ներկայումս Ռուսաստանն ու կողմերն ունեն հարաբերվելու մի շարք ձևաչափեր: Բացի այդ, Ռուսաստանը հետևում է նաև ԵՄ-ում ծավալվող բանակցություններին և համարում, որ երկարաձգվելու են դրանք, իսկ Ռուսաստանի համար հետագա բոլոր զարգացումները կախված են ուկրաինական պատերազմից: Իսկ Արևմուտքի համար գուցե անկանխատեսելի դասավորություն ստեղծվի աշխարհում, և Հարավային Կովկասում՝ ևս: Եթե ամեն բան ընթանար այնպես, ինչպես Արևմուտքն է ցանկանում, ապա կպահեր այն գիծը, որը գծեց այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսեց օպերացիա Ուկրաինայում: Ինչպես տեսնում ենք, հիմա շատ բան է փոխվում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս