«Եթե խորհրդարանում կա մեկ խմբակցություն, որն ունի 50 տոկոսից ավելի պատգամավորներ, ապա խորհրդարանը շարունակելու է աշխատել այդ մեկ խմբակցությունով». ԿԸՀ նախագահ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի մանդատը վայր դնելուց հետո ինչ գործընթաց պետք է տեղի ունենա։
«Եթե պատգամավորի լիազորությունները դադարեցվում են, ապա մանդատը փոխանցվում է տվյալ ցուցակի հաջորդ թեկնածուին։ Եթե հերթական հաջորդ թեկնածուն ներկայացնում է սահմանված կարգով ինքնաբացարկ, ապա մանդատը փոխանցվում է այն թեկնածուին, որը հաջորդն է և ինքնաբացարկ չի ներկայացրել։ Հետևաբար, խմբակցությունը, որն արդեն ունի անվանում ԱԺ-ում, հանդես է գալիս այդ անվանմամբ, այդ անվանումը շարունակում է։ Իսկ ցուցակը, որը նրանք ներկայացրել են նախապես, այդ ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին տրամադրվում է մանդատն ըստ Ընտրական օրենսգրքի»,- նշեց Տիգրան Մուկուչյանը։
Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգիրքն այստեղ նախատեսում է մեկ կանոնակարգում՝ եթե ընտրական ցուցակում այլևս չկա թեկնածու, որին կարող է փոխանցվել այդ մանդատը, ապա այդ դեպքում մանդատը մնում է թափուր։
«Խմբակցությունը բնական է, ինքը ԱԺ կանոնակարգ օրենքով ունի իր իրավունքները, ազատ է իրականացնելու իր իրավունքները։ Ինչ վերաբերում է ԿԸՀ-ին, ապա ստանալով լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ արձանագրություն, որովհետև դադարեցում և նոր մանդատի տրամադրում՝ սրանք երկու տարբեր գործառույթներ են։ ԿԸՀ-ում ստացվում է արձանագրություն՝ լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։ Սա նշանակում է , որ դադարեցման խնդիրը որևէ առնչություն չունի հանձնաժողովի հետ։ Մենք այս պահին նման դիմում չենք ստացել։ Դրանից հետո, երբ այդ դիմումը ստացվում է, ԿԸՀ-ն մեկշաբաթյա ժամկետում, եթե լինում են ինքնաբացարկի դիմումներ, քննում է, եթե չի լինում, ապա մանդատը միանգամից փոխանցվում է հերթական հաջորդ թեկնածուին»,- շեշտեց Տիգրան Մուկուչյանը։
Հարցին՝ ի՞նչ է սպասվում այն պատգամավորներին, որոնք, օրինակ, «Պատիվ ունեմ» դաշինքով են մանդատ ստացել, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված են ինչպես կուսակցությունների անդամ քաղաքացիներ, այնպես էլ կուսակցությունների անդամ չհանդիսացող քաղաքացիներ։ Ընտրական օրենսգիրքը նման հնարավորություններ նախատեսում է, նաև այստեղ նախատեսում է որոշակի քանակային սահմանափակումներ։
Հաջորդ հարցին՝ եթե ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները վայր դնեն մանդատները, խորհրդարանում քաղաքական ճգնաժամ չի՞ առաջանա, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց.
«Եթե ընտրական ցուցակի բոլոր հաջորդ թեկնածուները, ենթադրենք, դնում են իրենց մանդատները, ապա արդյունքում այդ մանդատը թողնվում է թափուր՝ չի փոխանցվում որևէ այլ անձի։ Եթե խորհրդարանում կա մեկ խմբակցություն, որը ունի 50 տոկոսից ավելի պատգամավորներ, ապա խորհրդարանը շարունակելու է աշխատել այդ մեկ խմբակցությունով։
Ընտրություններից հետո մանդատների բաշխում տեղի է ունենում մեկ անգամ, հետագայում որևէ մարմին իրավասություն չունի որևէ հիմքով պայմանավորված մանդատների վերաբաշխում իրականացնելու կամ նոր մանդատներ տրամադրելու»,- շեշտեց ԿԸՀ նախագահը։